Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները կոչ են անում կանխել «Ազատության» փակումը


«Հեղհեղուկ իրավիճակ»․ - այսպես է բնութագրում ամերիկյան Պետքարտուղարությունը «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայն»-ի և նախորդ շաբաթավերջին լուծարված Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կազմում գործող մյուս լրատվամիջոցների շուրջ ստեղծված կացությունը։ Պետդեպարտամենտի խոսնակ Թամի Բրյուսը երկուշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդպես էլ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերաբերվում վերջին զարգացումներին։

«Սա հեղհեղուկ իրավիճակ է, և ես անհամբերությամբ սպասում եմ դրա հանգուցալուծմանը։ Պետք է հասկանալ, որ սա լուրջ խնդիր է, որը վերաբերում է հարկատուների գումարները ծախսելուն։ Ստիպված եմ կրկնել՝ իրադրությունը հեղհեղուկ է, և մենք ավելի շատ տեղեկատվություն կունենանք, երբ այն կգտնի իր լուծումը», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

Արդեն երկրորդ օրն է ինչ Բրյուսելում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հնարավոր փակումը կանխելու տարբերակներն են քննարկում նաև Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ամերիկյան ֆինանսավորումը եվրոպականով փոխարինելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Ազատություն»-ն արդեն 30 տարի իր մայրաքաղաքում հյուրընկալող Չեխիան։ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու խոսքով, սակայն, Եվրամիությունն առայժմ ոչ թե կոնկրետ որոշումների կայացման, այլ տարբերակների քննարկման փուլում է։

«Մենք կդիտարկենք, թե ինչ է կարելի անել։ Տարբերակներից մեկը Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին տրամադրվող միջոցների բազմապատկումն է։ [Չեխիայի] ԱԳ նախարար Լիպավսկին նույնիսկ առաջարկում էր գնել այդ լրատվամիջոցները։ Մենք այժմ քննարկումների փուլում ենք, սակայն որևէ կասկած չկա, որ սրանք արժեքավոր կառույցներ են, որոնց առաքելությունը պետք է շարունակվի», -հայտարարում էր Լեհաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Այսօր Չեխիայի նախաձեռնությանը միանալու մասին հայտարարեցին նաև շվեդները։ Շվեդիայի եվրոպական հարցերի նախարար Ջեսիկա Ռոզենկրանցը հայտարարեց․ - «Մենք այսօր մեր աջակցությունը կհայտնենք չեխական նախաձեռնությանը։ Շվեդիան դրա համահեղինակներից մեկն է։ Մենք պետք է այնպես անենք, որ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը շարունակի ազատության և ժողովրդավարության ձայն հանդիսանալ՝ հատկապես այն երկրներում, որտեղ դա անհրաժեշտ է»։

Ամերիկյան ֆինանսավորումից զրկված լրատվամիջոցների գործունեությունը եվրոպական հիմնադրամների օժանդակությամբ շարունակելու օգտին է հանդես գալիս նաև պաշտոնական Բրյուսելը։

Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն Х-ի իր օգտահաշվում այսօր պնդել է, որ Եվրամիությունը պետք է միջոցներ գտնի «լրատվամիջոցների երկարաժամկետ ֆինանսավորումն ապահովելու համար»։

Այս պահի դրությամբ Եվրամիության կողմից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին օժանդակություն տրամադրելու չեխական առաջարկին պաշտոնապես կողմ են արտահայտվել ԵՄ անդամ 27 պետություններից ևս ինը՝ Լեհաստանը, Գերմանիան, Ավստրիան, Բելգիան, Սլովենիան, Նիդերլանդները, Շվեդիան և Բալթյան երեք երկրները։

«Ազատության» աշխատանքի դադարեցումը կանխելու կոչերով շարունակում են հանդես գալ նաև միջազգային լրագրողական կազմակերպությունները։

Մամուլի միջազգային ինստիտուտը դատապարտել է Թրամփի որոշումը՝ ընդգծելով, որ «այս քայը կամրապնդի բռնապետների դիրքերը և միլիոնավոր մարդկանց կզրկի հավաստի, այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հնարավորությունից»։

Գլոբալ մեդիայի գործակալության լուծարման որոշումը քննադատում են անգամ Դոնալդ Թրամփի որոշ աջակիցներ։ Մի կարճ շրջան որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ պաշտոնավարած Թեդ Լիպիենն ամերիկյան ներքաղաքական խնդիրները լուսաբանող The Hill կայքում հրապարակած հոդվածում նշում է․

«Կասկած չկա, որ վերջին տարիներին այս գերատեսչությունները մեծապես տուժել են սխալ կառավարման հետևանքով։ Բայց դրանց հեռարձակման դադարեցումը չէ այս գործակալություններում տիրող իրավիճակի բարելավման ուղին։ Հակառակը՝ դա նվազեցնում է այն օգուտը, որ քաղում էր Միացյալ Նահանգները այս կառույցների գործունեության արդյունքում։ Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները պետք է ճնշում գործադրեն Սպիտակ տան վրա, որպեսզի այս հեռարձակողներն օր առաջ վերսկսեն իրենց աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ, հարկավոր է աջակցել գործող վարչակազմի այն ջանքերին, որոնց նպատակն անգործունակ և ուռճացված բյուրոկրատական ապարատի վերափոխումն է լինելու»։

Սպիտակ տան կողմից Գլոբալ մեդիայի գործակալության հատուկ խորհրդական նշանակված Քերի Լեյքը, սակայն, վստահեցնում է՝ չնայած քննադատություններին, ինչպես նաև պնդումներին, որ Կոնգրեսի կողմից հատկացումների սառեցումը գործադիր իշխանության կողմից հակասում է ամերիկյան օրեսնդրությանը, իրենք նահանջել չեն պատրաստվում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG