Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիության 10 այլ երկրներ ցանկանում են, որ Եվրոպական հանձնաժողովը օգտագործի իր լիազորությունները՝ համաձայն «թվային ծառայությունների մասին» օրենքի՝ եվրոպական ընտրությունների ամբողջականությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու համար: Այս մասին ասվում է նամակում, որը ստորագրել է 12 երկիր:
Նամակում Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Չեխիայի, Դանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Սլովենիայի ու Իսպանիայի եվրոպական հարցերով նախարարները Եվրահանձնաժողովին խնդրել են կատարել օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտությանը հակազդելու համար ԵՄ հատուկ մարմին ստեղծելու խոստումները:
«Առանցքային ընտրական իրադարձությունների ժամանակ հանրային բանավեճերին օտարերկրյա միջամտության և ապակառուցողական միջամտությունների աճող սպառնալիքներն ուղղակի մարտահրավեր են մեր կայունությանն ու ինքնիշխանությանը», - ասված է նամակում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:
«Վերջին միջադեպերը շտապ ու համատեղ գործողություններ են պահանջում ԵՄ-ում առաջիկա ընտրությունները պաշտպանելու համար», - ասված է նամակի մեջ:
ԵՄ դիվանագետները հայտարարել են, որ խոսքը հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի միջամտության, բայց նաև այլ դեպքերի մասին է եղել:
Փետրվարի 23-ին Գերմանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:
Անցյալ շաբաթ X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտնվեց Գերմանիայում ծայրահեղ աջերի կուսակցության նախընտրական միջոցառմանը՝ մի քանի շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ աջակցելով քաղաքական ուժին:
Դեկտեմբերին հանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok սոցիալական ցանցի դեմ, որը պատկանում է չինական ByteDance-ին՝ կապված նոյեմբերին Ռումինիայի նախագահի ընտրություններին միջամտությունը սահմանափակելու անկարողության կասկածների հետ:
Լեհաստանի պետական պաշտոնյաները, որտեղ մայիսին կայանալու են նախագահական ընտրություններ, զգուշացրել են, որ Ռուսաստանը հավաքագրում է լեհերին ընտրությունների վրա ազդելու համար: