Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի փորձագետ Սոսի Թաթիկյանը կասկածանքով է վերաբերվում խաղաղության համաձայնագրին, վստահ է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ այն ստորագրելով։
«Այդ երբեք չվերջացող և մշտապես թարմացվող պահանջները, նախապայմանները և նարատիվներն է անընդհատ հնարում, որպեսզի չստորագրի այդ խաղաղության համաձայնագիրը։ Կարող ենք անվերջ քննարկել այդ պահանջները, առնվազն 3-4 խմբի են բաժանվում, քանի որ խոսքը միայն այդ 2 հոդվածի մասին չէ։ Խոսքը այդ 2 հոդվածից բացի, որոնք երկուսն էլ, ըստ իս, բավականին անընդունելի են, մյուս մի քանի նախապայմանների մասին է», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Թաթիկյանը։
Վերջինս նաև շեշտեց՝ վստահ չէ, որ «Զանգեզուրյան միջանցքի» հարցը լուծված է, հակառակը՝ կարծում է, որ Բաքուն պարզապես մեծ ճկունություն է սովորել վերջին տարիներին և անընդհատ հետևում է աշխարհաքաղաքական իրավիճակին և փորձում է հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը այնքան, ինչքան ի վիճակի է և անընդհատ անհնարին դարձնել այդ համաձայնագրի ստորագրումը՝ «հուսալով, որ այնպիսի իրավիճակ կարող է ստեղծվել, որ ինքը կարողանա հերթական ագրեսիան ծավալել, դրա համար մեծ պատիժ չստանալ»։
Ինչ վերաբերում է Երևանի պատասխան առաջարկին՝ Եվրամիության դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից, Սոսի Թաթիկյանն ասաց. «Ինձ թվում է՝ շատ խորամանկ քայլ է արել Երևանը, որովհետև դրանով փաստորեն Հայաստանը մղում է Ադրբեջանին սահմանազատում իրականացնել։ Ինչպես մենք գիտենք, սահմանազատումը սկսվեց Տավուշի շրջանից, հենց այդ շրջանից, որը բարենպաստ էր Ադրբեջանի համար, և հիմա կա մտավախություն, որ կարող է այդ պրոցեսը կանգ առնել, քանի որ արդեն մնացած մասերը սահմանազատման հիմնականում Հայաստանի Հանրապետության համար են ձեռնտու, ոչ թե Ադրբեջանի, հատկապես, քանի որ Ադրբեջանը մոտավորապես 250 քառակուսի կմ տարածք է մեզնից գրավել։
Այլ բան է այն, թե եթե մենք այդ արդեն սահմանագծված տարածքներից Եվրամիության դիտորդներին հանել առաջարկենք, արդյոք մենք չենք դիմի անվտանգային ռիսկի, քանի որ, անկեղծ ասած, ես այնքան էլ վստահ չեմ, որ սահմանազատված տարածքներում բացառվում է Ադրբեջանի կողմից որևէ սադրանք որևէ ապատեղեկատվություն»։
Մանրամասները՝ տեսանյութում.