Եվրամիության դիտորդական առաքելությունը կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, ասված է կառույցի X-ում արված գրառման մեջ:
Հաղորդվում է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Մարտունիում միացել է դիտորդներին և վերահսկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում:
«Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ԵՄԴԱ-ն հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», - նշված է գրառման մեջ:
Եվրամիության երկրների դեսպանները երեկ Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի ՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնել այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստել գետնի վրա հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։
Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:
Ըստ Հայաստանում Եմ առաքելության՝ այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպանները երեկ արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:
Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ Նախիջևանի հատվածը։