Մատչելիության հղումներ

Էլեկտրոնային դեղատոմսեր. նոր խառնաշփոթ


Դեղատուն Երևանում, արխիվ
Դեղատուն Երևանում, արխիվ

Առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար տեսչական մարմինն անհամաչափ է տուգանում դեղատներին, դժգոհում են շուրջ 600 դեղատների տնօրեններ ու սեփականատերեր: Նրանք նամակով դիմել են վարչապետին ու խնդրել կանգնեցնել սա, հակառակ դեպքում, նշել են, դեղատները կփակվեն:

Նամակը ստորագրած «Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի սեփականատեր Վահե Վարսանյանն «Ազատությանն» ասաց՝ թող բժիշկները պարտաճանաչ գրեն էլեկտրոնային դեղատոմսը, որ քաղաքացին առանց դրա չգա ու դեղատնից դեղ խնդրի: «Բոլորին հո՞ մասսայաբար չենք մերժի»,- դժգոհում է Վարսանյանը, - «Մենք 2 օր մեզ թույլ տվեցինք այդ շռայլությունը՝ բացառապես փորձում էինք դրանցով աշխատել։ 90 տոկոսով քաղաքացիները չունեին էլեյտրոնային դեղատոմսերը»։

«Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրո՞ւմ եք», «Ազատության» ֆեսյբուքյան այս հարցմանն արձագանքած մի խումբ բժիշկներ գերադասեցին առանձին նամակով պատասխանել, որ ինքնությունը գաղտնի մնա: Նրանք հիմնականում նշում էին՝ բացառապես էլեկտրոնային դեղատոմսով վաճառվող դեղերը «Արմեդ»-ում գրանցում են, իսկ մյուս դեղերը թղթային տարբերակով են գրում, հետևաբար գրագրության վրա շատ ժամանակ են ծախսում, ինչը չունեն:

Անանուն արձագանքած բժիշկներից մի քանիսն էլ ընդգծեցին՝ անգամ եթե էլեկտրոնային դեղատոմս են դուրս գրում, դեղատանը միևնույնն է՝ դա չեն էլ պահանջում, էլ չասած կապի խափանումները, տեխնիկական խնդիրները և այլն:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն այս բացատրությունները չի ընդունում, դեղատների դժգոհ տնօրենների հետ մի հարցում է համաձայն՝ բժիշկը պետք է պարտադիր էլեկտրոնային դեղատոմս գրի. - «Ցանկացած իրեն հարգող բժիշկ պետք է վերահսկի՝ այն, ինչ դեղորայք ես նշանակել եմ, արդյոք դա է գնվել, երկորրդը՝ այդ դեղորայքը գնել է իմ պացիենտը և ընդունում է, թե ոչ»։

Մյուս կողմից էլ ընդգծեց՝ մարտի 1-ից մինչև այսօր բժիշկները շուրջ 2 միլիոն դեղատոմս են դուրս գրել, որից ավելի քան 65 հազարն այդպես էլ մինչև վերջ չի փակվել: Այսինքն, մարդն էլեկտրոնային դեղատոմոսվ մտել է դեղատուն, դեղը գնել, ՀԴՄ կտրոնը ստացել, բայց գործարքն ավարտին հասցնելու համար աշխատակիցը չի սեղմել ընդամենը մեկ կոճակ, որ գործարքն «Արմեդ»-ում ավարտված համարվի։

Վարչապետին նամակ գրած դեղատների սեփականատերերը նաև ասում են՝ եթե առանց էլեկտրոնային դեղատոմսի մեկ անուն դեղի վաճառքի համար էր դեղատունը տուգանվում, ապա հիմա հատիկով վաճառքի համար նույնպես հայտնվում են տեսչականի տեսադաշտում:

«Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը նույնպես միացել է Փաշինյանին ուղղված նամակին: Ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն ասաց՝ եթե առողջապահական պարտադիր ապահովագրությունը երկրում գործեր, այսպիսի խնդիրներ չէին առաջանա:

«Արմեդ» համակարգը ճկուն գործիքներ է տվել բժիշկներին ու դեղատներին, մնում է դրանք պատշաճ կիրառել»,- հակադարձում է փոխնախարարը՝ չընդունելով բողոքները, թե այն խափանումներով է աշխատում, և որ տեխնիկական խնդիրների առաջ է կանգնեցնում բժիշկներին ու դեղատներին: Իսկ տուգանքների պատասխանատուն, հիշեցրեց, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է:

Ամբողջությամբ՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG