Մատչելիության հղումներ

Եկող տարվա ապրիլից պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ. ռազմական փորձագետ


Ռազմական փորձագետի համոզմամբ՝ եկող տարվա ապրիլից Հայաստանի դեմ պատերազմի ռիսկերը կարող են մեծանալ՝ հաշվի առնելով, որ Բաքվի հնարավոր ագրեսիան զսպող գործոնները նվազել են:

Բացի այն, որ COP -ը՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովն այլևս անցյալում է, ըստ «ԱՊՐԻ Արմենիա»-ի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, չկան նշաններ, որ Ադրբեջանն իսկապես ուզում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ընդհակառակը՝ Բաքուն անընդհատ տարբեր նախապայմաններ է առաջ քաշում: Իսկ տարածաշրջանային ու նաև աշխարհաքաղաքական մի շարք փոփոխությունները կարող են Ադրբեջանին նպաստավոր թվալ:

«Դեռ չգիտենք, օրինակ, ԱՄՆ-ի դիրքորոշումները ոնց են լինելու, Իրանի հետ կապված կան նաև որոշ մտահոգություններ այն իմաստով, որ իրենք բավականին ծանր պարտություններ կրեցին Մերձավոր Արևելքում՝ Գազայում, Լիբանանում ու Սիրիայում, ու իրենց խոսքի ծանրությունը, կշիռը նաև կարող է իջած լինի ու Ադրբեջանին զսպելու գործոնն էլ ինչ-որ չափով իջած լինի: Դրա համար մենք տեսնում ենք, որ ձմեռը դժվար պատերազմ տեսնենք, բայց գարնանից սկսած, ապրիլից պետք է բավականին զգույշ լինել ու ինտենսիվ հետևել իրավիճակին», - նշեց Ներսիսյանը:

Ինչո՞ւ Բաքուն «իր ձեռքերն ազատեց գարնանը կայանալիք ընտրական պրոցեսներից»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ այսօր աշխարհում ուժի գործոնը դարձել է առաջնային, իսկ Ադրբեջանը համարելով, որ ունի ուժային առավելություն, մշտապես փորձելու է օգտագործել հարմար պահը և ռազմական ճանապարհով տարբեր խնդիրներ լուծել։ Վերլուծաբանը պատահական չի համարում նաև այն, որ Ադրբեջանի նախագահը 2025-ի գարնանը նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները անցկացրեց այս տարի՝ արտահերթ եղանակով։

«Ադրբեջանն իր հաշվարկներում 25-ի առաջնային ամիսները դիտարկել է որպես հնարավոր պատեհ միջավայրի տարբերակ, և իհարկե փորձել է իր ձեռքերն ազատել այդ իմաստով ընտրական պրոցեսներից», - ասաց Բադալյանը:

Հակոբ Բադլյանը, սակայն, կարծում է, որ Կովկասում ռազմական էսկալացիայի ռիսկերը զսպող գործոն կարող է դառնալ ռուս-իրանական ռազմավարական պայմանագիրը, որը կողմերը նախատեսում են ստորագրել 2025 -ի հունվարի կեսերին։

«Եթե պայմանագիրը կնքվեց, կարծում եմ, Կովկասում որոշակի հավասարակշռող գործոն կլինի», - ընդգծեց նա:

Ակտիվացել են թուրք-ադրբեջանական ռազմական շփումները

Փորձագետների կողմից ադրբեջանական ռազմական ագրեսիան չբացառելու ֆոնին, վերջին շրջանում խիստ ակտիվացել են թուրք-ադրբեջանական ռազմական շփումները։ Անցած 3 շաբաթների ընթացքում Ադրբեջան է այցելել թուրքական զինվորական բարձրաստիճան 4 պատվիրակություն։

Նախ ամսվա սկզբին Բաքվում էր Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Յաշար Քադիօղլուն։ Թուրք գեներալն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ քննարկել էր համատեղ զորավարժություններն ակտիվացնելու հարցը։

Դեկտեմբերի 12-ին արդեն Բաքու այցելեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավար, գեներալ Ջեմալ Քադիողլուն։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Զաքիր Հասանովը թուրք գեներալին ներկայացրել էր՝ «հայ-ադրբեջանական պայմանական սահմանին» տիրող օպերատիվ իրավիճակը», ընդգծելով, թե Հայաստանի վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա։

Դեկտեմբերի 17-ին Բաքու ժամանեց թուրք զինվորականների հերթական պատվիրակությունը՝ Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի հրամանատարական կազմը՝ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ։ Այս այցի ընթացքում էլ ադրբեջանցի ու թուրք զինվորականները տարածաշրջանային զարգացումներին անդրադառնալուց բացի դրական էին գնահատել Ադրբեջանի բանակում Թուրքիայի Զինված ուժերի մոդելի ներդրման արդյունքները։

Օրեր անց արդեն՝ դեկտեմբերի 23 -ին, Բաքու այցելեց Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն։ Վերջինս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ քննարկել էր երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ «Շուշիի հռչակագրի կատարմանն ուղղված պատշաճ գործողությունների կարևորությունը»։

2021-ին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին, որը ենթադրում է Բաքվի ու Անկարայի միջև փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն։

«Պետք է ուշադիր հետևել թուրք-ադրբեջանական այս ինտենսիվ շփումներին»

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է, թե պետք է ուշադիր հետևել թուրք-ադրբեջանական այս ինտենսիվ շփումներին, հիշեցնելով, 2020 թվականի 44 - օրյա պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ Բաքուն ու Անկարան կրկին ակտիվացրել էին ռազմական համագործակցությունը՝ անընդհատ զորավարժություններ անցկացնելով։

«Պետք է հետևել, թե էդ տենդենցն ինչքանով է շարունակվելու, ինչքանով ենք տեսնելու ինտենսիվ զորավարժություններ», - ասաց նա:

Վերլուծաբան Հակոբ Բադալյան էլ հիշեցնում է՝ վերջին շաբաթներին զինվորականների ակտիվ հանդիպումներից բացի, իրար են հաջորդել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների հեռախոսազրույցները: Քաղաքական մեկնաբանն ընդգծում է՝ ներկայիս միջազգային իրավիճակում նման ինտենսիվ շփումները չեն կարող հարցեր ու մտահոգություններ չառաջացնել:

XS
SM
MD
LG