Երեկ մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը շարունակվում է առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության։ «Ազատության» ադրբեջանական ծառայության չի հաջողվել պաշտոնական պարզաբանում ստանալ Ադրբեջանի Միլլի մեջլիսից։ «Թուրան» գործակալության աղբյուրները նշել են, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ից հրավեր չի ստացել, այդպիսով՝ կառույցը չի քննարկի ադրբեջանցի պատգամավորների հնարավոր վերադարձի հարցը:
Գերմանիայի խորհրդարանի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն, որը ԵԽԽՎ-ից ադրբեջանցի պատգամավորներին վտարելու նախաձեռնության համահեղինակներից է, X-ում հրապարակած գրառմամբ պնդել է․ - ««Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրոպայի խորհրդի արժեքների և կանոնների հիմնարար անտեսման պատճառով, և պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման համար»։
ԵԽԽՎ-ը 2024 թվականի հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ իր այդ աննախադեպ որոշման համար նշելով մի շարք պատճառներ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, թե ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել»։