Դոնեցկում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է Ելենովկայի գաղութի ղեկավար Սերգեյ Եվսյուկովը, հայտնում են ռուսական ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները։
Mash տելեգրամյան ալիքը նշում է, որ պայթյունի հետևանքով տուժել է նաև Եվսյուկովի կինը, նրա վիճակը ծանր է։
Նախնական տվյալներով՝ Toyota Land Cruiser-ի մեջ պայթուցիկը նախօրոք է տեղադրվել, հենց վարորդի նստատեղի տակ։
Ուկրաինան Սերգեյ Եվսյուկովին մեղադրում էր 2022-ի հուլիսին Դոնեցկի մարզի Ելենովկա գյուղի ուղղիչ գաղութում Ազովի գումարտակի գերի ընկած զինվորների մահվանն առնչություն ունենալու համար։
Գաղութի բարաքներից մեկն ավերվել է 2022-ի հուլիսի լույս 29-ի գիշերը: Ռուսական հրամանատարությունը և Դոնեցկի ռուսամետ անջատողականները հայտարարում էին, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը՝ ամերիկյան HIMARS համակարգի կիրառմամբ, Կիևը, իր հերթին, հակառակ կողմին էր մեղադրում հարձակման համար: Լրատվամիջոցներում նաև վարկած էր շրջանառվում, թե Ելենովկայի բանտին հրթիռային հարված չի հասցվել՝ շենքը պայթեցվել է ներսից:
Ռուսաստանի իշխանությունների և անջատողականների տվյալներով՝ հարվածի զոհ է դարձել 53 ռազմագերի, ևս 75-ը վիրավորվել են։ Հուլիսի 30-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր 48 զոհված ուկրաինացիների անուններ։