Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նշանակվել է օտար երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։
Նշվում է, որ Դմիտրիևը զուգահեռ պահպանում է հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով, հիմնադրամի մամուլի ծառայությունը, նշում է, որ նա կշարունակի զարգացնել ներդրումային և տնտեսական համագործակցությունը ինչպես հարավի, այնպես էլ արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։
Դմիտրիևը փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում մասնակցել է ռուս-ամերիկյան բանակցություններին և եղել է ռուսական կողմի տնտեսական և ներդրումային բլոկի պատասխանատուն։ Նա ամերիկյան պատվիրակության անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ ներդրումային և տնտեսական համագործակցության վերականգնման հարցեր։
Հանդիպումից հետո Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարցերի շուրջ բանակցություններում առաջիկա 2-3 ամսում հնարավոր է առաջընթաց գրանցվի։
«Մանրամասները չենք կարող հրապարակել: Մենք ունենք մի շարք առաջարկներ, որոնց շուրջ մտածում են մեր գործընկերները», - ասել է հիմնադրամի ղեկավարը։