Մատչելիության հղումներ

Ռուս-ամերիկյան բանակցություններն ավարտվեցին. ինչ է հայտնի


Սաուդյան Արաբիայում ավարտվել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները՝ երկու գերտերությունների արտգործնախարարների գլխավորությամբ:

Ուկրաինական հակամարտությունը լուծելը հեշտ չի լինի, կողմերը ստիպված կլինեն զիջումների գնալ, բանակցություններից հետո Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղարը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն Ուկրաինայի կարգավորմանը, այդ թվում՝ ԵՄ-ն։

Նա շեշտել է նաև, որ կողմերը պայմանավորվել են ջանքեր գործադրել՝ վերականգնելու դեսպանատների լիարժեք գործունեությունը, ինչպես նաև բարձր մակարդակի խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման և տնտեսական համագործակցությունը խթանելու համար։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները դրական է գնահատել: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը»,- նշել է նա:

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կապի մեջ մտնեն, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնականը:

«Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև, մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»,- ասել է Յուրի Ուշակովը։

Սա ռուս և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ու Ռուսաստանի մեկուսացումից հետո։

Բանակցությունների նախօրեին Պետդեպարտամենտը հայտարարեց, թե սա ոչ թե հանդիպում է Ուկրաինայի հարցով, այլ փորձ՝ համոզվելու՝ որքանով է Ռուսաստանը վստահելի։ Մոսկվան, մինչդեռ, հայտարարում է, թե հանդիպման նպատակն է վերականգնել ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները։

«Առայժմ խոսքը երկկողմ բանակցությունների մասին է։ Մենք իրականում Էլ-Ռիյադ դրա համար ենք գնում», - ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի տնօրեն և ՌԴ նախագահի մտերիմ-խորհրդատու Կիրիլ Դմիտրիևը, որը ևս էլ-Ռիյադում է՝ նշելով, որ ԱՄՆ թիմի հետ այսօրվա քննարկումները շատ կարևոր են թե՛ երկու երկրների, թե՛ ողջ աշխարհի համար:

Կիրիլ Դմիտրիև
Կիրիլ Դմիտրիև

«Մենք իսկապես տեսնում ենք, որ նախագահ Թրամփը և նրա թիմը խնդիր լուծողների թիմ են, մարդիկ, որոնք արդեն շատ արագ, շատ արդյունավետ և շատ հաջողությամբ են լուծել մի շարք մեծ խնդիրներ», - ասել է Դմիտրիևը:

Ուկրաինան և Եվրոպան հանդիպմանը հրավիրված չեն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի ճանաչի որևէ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել առանց Կիևի մասնակցության:

Եվրոպացիներն էլ երեկ Փարիզում արտահերթ հանդիպում անցկացրին՝ հետագա քայլերը որոշելու: Կոնկրետ որոշումների մասին չի հայտարարվել, սակայն բոլորը համակարծիք էին՝ Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ պետք է տրվեն, Եվրոպան ավելի շատ պետք է ծախսի իր սեփական պաշտպանության վրա, բայց որ ամենակարևորն է՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է միասնական լինեն։

«Ես պատրաստ եմ դիտարկել բրիտանական ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ մյուսների հետ միասին, եթե լինի կայուն խաղաղության համաձայնագիր: Սակայն, պետք է աջակցություն լինի ԱՄՆ-ից, քանի որ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ռուսաստանին արդյունավետ կերպով զսպելու միակ միջոցն է», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Քիր Սթարմեր
Քիր Սթարմեր


Նույնն է պնդել նաև Գերմանիայի Կանցլերը։ Եվրոպան ողջունում է, որ բանակցություններ են ընթանում խաղաղության շուրջ, սակայն դա չի նշանակում, որ այդ խաղաղությունը պետք է պարտադրվի Ուկրաինային, ասել է Օլաֆ Շոլցն՝ ընդգծելով, որ դրան դժվար կլինի հասնել, եթե Եվրոպան ու Ամերիկան միասնական չլինեն:

«Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև չպետք է լինի անվտանգության և պատասխանատվության բաժանում: Այսինքն՝ ՆԱՏՕ-ն հիմնված է այն սկզբունքի վրա, որ մենք միշտ գործում ենք միասին և կիսում ենք ռիսկը՝ դրանով իսկ ապահովելով մեր անվտանգությունը։ Սա չպետք է կասկածի տակ դրվի, և սա նույնպես պետք է հիշել», - ասել է Շոլցը:

Օլաֆ Շոլց
Օլաֆ Շոլց


Երեկվա հավաքից հետո հստակ էր, որ եվրոպական երկրների միջև դեռ չկա համաձայնություն՝ Ուկրաինա զորք ուղարկելու հարցում։ Բացի այդ, Եվրամիության ոչ բոլոր անդամներն էին երեկ հրավիրվել Փարիզ, ինչը հավելյալ դժգոհություններ է առաջացրել մի փուլում, երբ Եվրոպան փորձում է միասնական լինել։

Եվրահանձնաժողովի նախագահը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ հանդիպմանն այսօր ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։

Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է՝ ցանկացած համաձայնագիր պետք է հարգի Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և դա պետք է ամրապնդվի անվտանգության հուսալի երաշխիքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG