Մատչելիության հղումներ

Դեմոկրատ կոնգրեսականները կդիմեն Բայդենին ինքնաբացարկի կոչով


Ամերիկացի 25 դեմոկրատ կոնգրեսականներ պատրաստվում են դիմել նախագահ Բայդենին՝ կոչ անելով նրան լքել ընտրապայքարը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության շարքերում իր աղբյուրները։

Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ հունիսի 27-ին հեռարձակված առաջին նախընտրական դեբատներից և դրանցում գործող նախագահի խիստ անհաջող ելույթից հետո՝ «մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ հայտնվել են իրենց ընտրողների սուր հարցադրումների տարափի ներքո», հաղորդում է Reuters-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ լուրջ մտահոգություններ են առկա նաև Բայդենի քարոզարշավը ֆինանսավորող նվիրատուների շրջանում։

Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ պնդում էր, թե Բայդենն ի վիճակի է շարունակել պայքարը՝ միաժամանակ ընդունելով, որ Թրամփի հետ առաջին բանավեճը գործող նախագահի համար իրոք այնքան էլ հաջող չէր։

«Առկա մտահոգությունները մենք հասկանում ենք։ Մենք հասկանում ենք նաև, որ բանավեճի երեկոն նախագահի համար լավագույնը չէր։ Դրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ դեբատներից անմիջապես հետո Բայդենը մի քանի անգամ ասել է, որ ինքն է այն մարդը, որ գիտի թե ինչպես է պետք աշխատել նախագահի պաշտոնում։ Դա պարզապես խոսքեր չեն։ Դրա ապացույցը նրա աշխատանքի արդյունքներն են։ Բայդենի երեքուկես, գրեթե չորս տարվա աշխատանքի արդյունքներն աննախադեպ են», ասել է Սպիտակ տան խոսնակը։

Չնայած այս հավաստիացումներին հունիսի 27-ի դեբատներից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են՝ Բայդենի անհաջողությունը կարող է շատ թանկ նստել դեմոկրատների ողջ քարոզարշավի վրա։

Սաֆոլքի համալսարանի և USA Today պարբերականի համատեղ հարցման համաձայն, եթե ընտրությունները կայանային այս շաբաթ, Դոնալդ Թրամփը կստանար ամերիկացի ընտրողների քվեների 41, իսկ Բայդենը՝ 38 տոկոսը։

CNN-ի պատվերով անցկացված հարցման համաձայն էլ այսօր Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 49 իսկ Բայդենի օգտին՝ միայն 43 տոկոսը։

Նենսի Փելոսին առաջարկում է ստուգել նախագահության թեկնածուների մտավոր կարողությունները

Սա է թերևս պատճառը, որ դեմոկրատների ճամբարում ավելի ու ավելի հաճախ են հնչում նաև միջանկյալ լուծումների գնալու առաջարկները։ Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ Նենսի Փելոսին, օրինակ, առաջարկում է ստուգել նախագահության թեկնածուների մտավոր կարողությունները։

«Այդ երեկոն Բայդենի համար լավը չէր։ Եվ ես կարծում եմ, որ դրանից հետո շատ տեղին է, երբ հարցնում են՝ արդյո՞ք դա առանձին մի դրվագ էր, թե առողջական վիճակն է այդպիսին։ Դա, ի դեպ, վերաբերում է երկու թեկնածուներին։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ նրանք պետք է ենթարկվեն մտավոր կարողությունների և առողջական վիճակի ցանկացած ստուգման», - հայտարարել է Փելոսին։

Դեմոկրատների շրջանում օրեցօր խորացող մտահոգություններին հանրապետականները հետևում են գրեթե բացահայտ գոհունակությամբ։ Այս առումով ամենատիպիկը Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնի օրերս արված հայտարարությունն էր։

«Եթե ես դեմոկրատ լինեի և իմ թեկնածուն Բայդենը լիներ՝ ես էլ խուճապի մեջ կլինեի», - նշում է հանրապետական գործիչը։

Խուճապի պատճառները իրոք քիչ չեն։ CNN-ի հարցման համաձայն, օրինակ, ամերիկացի ընտրողների 75 տոկոսը վստահ է՝ դեմոկրատները նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու շատ ավելի մեծ շանսեր կունենան, եթե Բայդենը ինքնաբացարկ հայտարարի։ Այլ հարց է, որ դեմոկրատ գրեթե բոլոր գործիչները, որոնք կարող են փոխարինել Բայդենին որպես կուսակցության թեկնածու ավելի ցածր վարկանիշ ունեն։ Միակ բացառությունը փոխնախագահ Քամալա Հարիսն է, որը պոտենցիալ ընտրողների թվով Թրամփին զիջում է ոչ թե վեց, այլ ընդամենը չորս տոկոսով։

Քամալա Հարիսը, սակայն, գոնե այս պահին բացառում է իր առաջադրման հնարավորությունը, պնդելով, թե՝ «մի անգամ հաղթել ենք Թրամփին, մեկ անգամ էլ ենք պատրաստվում դա անել»։

Ըստ մամուլի՝ Բայդենի ընտանիքը ևս վստահ է՝ նա չպետք է լքի ընտրապայքարը

Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ Բայդենի ընտանիքը ևս վստահ է՝ Սպիտակ տան 81-ամյա ղեկավարը չպետք է լքի ընտրապայքարը։

Politico հանդեսի տեղեկություններով անցած հանգստյան օրերին ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, առաջին տիկին Ջիլը, ինչպես նաև նախագահի թոռնուհիները հավաքվել են Քեմփ Դևիդի նախագահական ամառանոցում՝ հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցի կազմակերպված ֆոտոսեսիային մասնակցելու համար։ Օգտվելով առիթից, ըստ պարբերականի, ԱՄՆ նախագահի ընտանիքը քննարկել է հունիսի 27-ի դեբատներից հետո ստեղծված վիճակը՝ գալով եզրակացության, որ Բայդենը պետք է շարունակի պայքարն, իսկ բանավեճի ընթացքում նրա անհաջող ելույթի մեղավորները ոչ թե պատկառելի տարիքն ու վատառողջությունն էին, այլ մերձավոր խորհրդականները։

«Բայդենի հարազատների քննադատության հիմնական թիրախը եղել են Սպիտակ տան վարչակազմի նախկին ղեկավար Ռոն Քլայնը, որ պատրաստում էր Բայդենին բանավեճին, նախագահի խորհրդական Անիտա Դանն ու նրա ամուսին Բոբ Բաուերը։ Վերջինն, ի դեպ, դեբատներին նախորդած պարապմունքների ժամանակ մարմնավորում էր Թրամփին», - տեղեկացնում է Politico-ն։

Լրագրողների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի ընտանիքն ու թիմակիցները դժգոհ են նաև դեբատները հեռարձակած CNN-ի աշխատանքից։ Politico-ի պնդմամբ՝ Բայդենի թիմում վստահ են, որ CNN-ի հաղորդավարները պետք է ավելի հետևողականորեն հակադարձեին Դոնալդ Թրամփին՝ բացահայտելով նրա՝ իրականությանը չհամապատասխանող պնդումները։ Դրա հետ մեկտեղ, Բայդենի հարազատները պնդում են, թե նախագահին չեն զգուշացրել, թե որ տեսախցիկներն են ուղղված լինելու իր վրա այն պահերին, երբ ինքը լռում է։ Բացի այդ CNN-ի աշխատակիցները նախագահի դեմքին չափազանց շատ շպար են քսել, ինչի հետևանքով, Բայդենի խորհրդականների պնդմամբ, նա դեբատների ընթացքում խիստ գունատ տեսք է ունեցել։

XS
SM
MD
LG