Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարում լռություն է: Մինչև 1988-ի երկրաշարժը նման լռություն այստեղ չէր լինի: Հազարավոր երեխաներ աշխարհի տարբեր տեղերից գալիս, հանգստանում էին, ուրախ ժամանակ անցկացնում:
56 տարի առաջ կառուցված «Արտեկը» 5 հեկտար անտառային տարածք ունի, որտեղ այժմ անխնամ ծառեր են ու հազիվ անցանելի արահետներ: Երբեմնի աղմկոտ ճամբարից միայն մի քանի քանդված շինություններ են մնացել, պիոներական վզկապներով պատանիների մեծադիր խճանկարներ, փլուզված պատերին արված հին ու նոր գրառումներ, ճամբարի անունը հազիվ նշմարող դարպասներն ու մի քիչ ներքև՝ զգուշացնող ցուցանակ, թե «այստեղ ընտանիքներ են բնակվում, անառակությունը մեքենաներում արգելված է»:
Երկու օրից «Արտեկի» այս ահռելի տարածքը դարձյալ աճուրդի կհանվի: Ավելի քան մեկ տարվա ընթացքում անցկացված աճուրդների ընթացքում լքված ճամբարի գնորդ չի գտնվել։ Սկզբում մեկնարկային գինը 314 միլիոն դրամ էր, այսօր արդեն չկայացած աճուրդների արդյունքում գինը 4 անգամ նվազել է՝ 80 միլիոն է:
Դեռ 90-ականներից «Արտեկը» ԱԺ նախկին հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի սեփականությունն է: Երկու տարի առաջ դատարանը սնանկ է ճանաչել քաղաքական գործչին պատկանող «Վաբա» ընկերությունը, արդյունքում վաճառվում են Վանաձորի՝ Բաղասարյանին պատկանող հեկտարներով տարածքներն ու շինությունները, որ 90-ականներին սեփականացվելուց հետո ռեստորաններ, խանութներ են դարձել կամ բարձիթողի ու քայքայված վիճակում են:
Ինչո՞ւ ժամանակին ազդեցիկ քաղաքական գործիչ ու գործարար եղած Վահրամ Բաղդասարյանը սնանկացավ. 2018-ի հեղափոխությունից հետո նրա ընկերությունը 2 միլիարդ դրամի արտոնյալ վարկ էր ստացել փոքր և միջին ձեռներեցների աջակցության ծրագրով: Կառավարությունն էլ հարկային արտոնություն էր տվել՝ ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգել երեք տարով:
2019-ի աշնանը Եվրոպական ներդրումային բանկից արդեն երկու միլիարդ դրամ ստացած նախկին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում այդ ժամանակվա Լոռու հեղափոխական մարզպետ Անդրեյ Ղուկասյանին «բանսարկու» էր անվանել ու հակադարձել նրա քննադատությանը, թե «Արտեկ» միջազգային հայտնի պիոներական ճամբարն՝ իր շինություններով ու մոտ 6 հա տարածքով, չնչին գներով է սեփականացրել:
Վահրամ Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել էր, թե «Արտեկը» դեռ 90-ականներին է ձեռք բերել ավելի թանկ գնով՝ չհայտնելով, սակայն, թե կոնկրետ որքան է արժեցել իր տնօրինած կահույքի ֆաբրիկայի հաշվեկշռում եղած ճամբարը, որ սեփականաշնորհել է ամբողջ ֆաբրիկայի հետ:
Ընդդիմություն դարձած կուսակցության ղեկավար անդամը նաև ներդրումային ծրագրից էր մի հատված հրապարակել, որի համաձայն՝ խորհրդային տարիների ճամբարն աննախադեպ զբոսաշրջային կենտրոն էր դարձնելու, ստեղծելու էր մինչև 150 աշխատատեղ:
Ինչո՞ւ նախկին պատգամավորը խոստացած ներդրումներն այդպես էլ չարեց, ո՞վ խանգարեց նրան, չնայած «գործում ներգրավված լուրջ անձինք» կային, արտոնյալ վարկեր ու պետական աջակցություն էր ստացել: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց հարցազրույցից, ասելով՝ փաստաբանների հետ քննարկման մեջ է: «Վաբայի» գործադիր տնօրեն Արմեն Ղարաջյանն էլ «Ազատությանն» ասաց՝ վարկերը հակակարկտային ցանցերի գործարանի համար են եղել, ու որ քովիդն ու պատերազմն իրենց խանգարեցին:
«Հիմնարկը չկարողացավ աշխատել, վիրուսն ու պատերազմը, և չկարողացանք նորմալ աշխատել, արտահանել։ Մենք արտադրել ենք հակակարկտային ցանց և համապատասխան իր սյուները», - ասաց նա։
Ընկերության տնօրենն անպատասխան թողեց «Ազատության» մյուս հարցերը, թե ինչով էին քովիդն ու պատերազմը խանգարել հակակարկտային ցանցերի արտադրության համար 2 միլիարդի արտոնյալ վարկ ստացած գործարարին, ինչո՞ւ կառավարության հարկային արտոնությունները չփրկեցին բիզնեսը։
Մինչ «Հայբիզնեսբանկը» դատական կարգով փորձում է սնանկացած գործարարից հետ ստանալ 7.5 միլիոն դոլարի պարտքը նրան պատկանող գույքի հաշվին, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նախկին պատգամավորին ծանուցել է, թե իր «անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա», ու գործն ուղարկել է դատարան: Դրան զուգահեռ հերթով վաճառվում է սնանկացած քաղաքական գործչին պատկանող գույքը: Մեկ տարի առաջ աճուրդի հայտարարություններում 7 անշարժ գույք կար, այսօր արդեն երկուսն են մնացել:
Երեք ամիս առաջ էլ կալանավորվել էր «Վաբա» ընկերության այդ ժամանակվա տնօրեն, Վանաձորի ավագանու անդամ Վահագն Ավագյանը՝ հարկերը, տուրքերը և այլ վճարները թաքցնելու մեղադրանքով։ «Ազատության» տեղեկություններով՝ այս անգամ խոսքը Վահրամ Բաղդասարյանին պատկանող շինանյութի խանութի մասին է:
Ըստ պետական ռեգիստրի՝ այս ամենի սեփականատեր Բաղդասարյանն իր պատգամավոր եղած տարիներին հայտարարագրերում այս ունեցվածքի մասին տվյալներ չի հրապարակել: Օրինակ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրով պատգամավորը սուղ եկամուտներ ուներ՝ ապրում էր ընդամենը պատգամավորի ու դասախոսի համեստ աշխատավարձով:
«Ազատության» տեղեկություններով՝ աճուրդի հանված «Արտեկ» ճամբարը ապօրինի ծագման գույք չի համարվել, և դրա նկատմամբ բռնագանձման պահանջ չկա:
Եթե երկու օրից էլ «Արտեկի» տարածքն իր 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության շենքերով չհաջողվի վաճառել, այն ևս 10 տոկոսով կէժանանա, իսկ տարածքում կշարունակի մնալ անառակներին սթափեցնող ցուցանակը։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.