Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ևս առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ՝ դատարանն այսօր բավարարեց դատախազի համապատասխան միջնորդությունը:
Փաստաբանները պահանջում էին կալանք չկիրառել, ազատության մեջ սահմանափակել զանգվածային լրատվամիջոցների հետ Աջապահյանի շփումը: Նրանց պնդմամբ՝ եթե կալանքը շարունակվի, ուրեմն դատավորն արդեն մեղադրական վերդիկտ ունի ու գիտի՝ ինչպես պատժել սրբազանին:
«Ես որևէ մեկից ազատություն չեմ խնդրում։ Ես ազատ եմ», - հայտարարեց արքեպիսկոպոսը: Խոսքն ուղղելով դատախազներին՝ նա ասաց. - «Հաղթահարեք ձեր վախը և ազատ եղեք»:
Շիրակի թեմի առաջնորդին երկու ամսով կալանավորեցին հունիսի 28-ին, օգոստոսի 15-ին դատարանը տասն օրով երկարաձգել է կալանքը:
«Դատարանը շտապում է մեղադրական վերդիկտ կայացնել», - Աջապահյանի փաստաբաններից Արա Զոհրաբյանն այսօր դատական նիստի հենց մեկնարկին այս հայտարարությունն արեց՝ գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելով։
Միջնորդությամբ, որը շատ արագ մերժվեց, Զոհրաբյանը պնդում էր նաև, որ պատշաճ չի ծանուցվել նիստերի մասին, դատավորը նորմեր է խախտել, և պաշտպանը վստահ է, որ Մելիքսեթյանը չի կարող արդար վճիռ կայացնել։
Նշենք, որ Զոհրաբյանը բացառապես առաջին նիստին է ներկա եղել։
Մեկ այլ միջնորդությամբ Զոհրաբյանը պահանջեց նաև վերսկսել ապացույցների հետազոտությունը։ Դատախազության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին այս միջնորդությանը ևս՝ հիմնավորելով, որ Աջապահյանի չորս պաշտպանները իրազեկված են եղել նիստերի մասին։ Դատավորն այս միջնորդությունը նույնպես մերժեց։
Նիստը շարունակվեց պաշտպանական կողմի ելույթներով։ Նախորդ նիստին միայն Երեմ Սարգսյանի ելույթը հաջորդեց մեղադրական ճառին։
Այսօր ճառը սկսեց պաշտպան Ռոման Ահարոնյանը՝ պնդելով, որ Աջապահյանը պատժվում է իր մտքերի համար, իսկ նրա խոսքը կոչ անվանելը, ըստ փաստաբանի, մանիպուլյացիա է։
Փաստաբանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ վարչապետը հայտարարել էր. - «Ես ասել եմ՝ հեղափոխություն արեք, եթե համաձայն չեք, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի»։ Փաստաբանի հարցը դատարանին հռետորական էր, նա առաջարկում էր հաշվել, թե քանի՞ դիտում ուներ Փաշինյանի այս ելույթը, և ի՞նչ էր սա՝ կո՞չ, խո՞սք, թե՞ ինչ:
Փաստաբան Հարութ Ակլունցն էլ իր պաշտպանական ճառում շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ ոչ ծանր մեղադրանքի դեպքում իրենց պաշտպանյալին անազատության մեջ են պահում, երբ մեղսագրվող արարքը անգամ կարող է տուգանքով պատժվել:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել Աջապահյանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում: