Վաշինգտոնի շրջանային դատարանը մերժել է արհմիությունների հայցն ու վճռել, որ դատական ատյանը չի կարող արգելափակել դաշնային աշխատողներին զանգվածաբար ազատելու՝ Թրամփի վարչակազմի որոշումները:
Անցած ամսվա վերջին ԱՄՆ նոր վարչակազմը գրեթե 2 միլիոն պետական ծառայողների տեղեկացրել է հաստիքների կրճատման մտադրության մասին և առաջարկել է ցանկացողներին թողնել աշխատանքը սեփական ցանկությամբ՝ պահպանելով աշխատավարձն ու այլ արտոնությունները մինչև սեպտեմբեր։
Ուժի մեջ թողնելով այդ որոշումը՝ դատավորը միաժամանակ ընդունել է, որ այն քաոսային իրավիճակ է ստեղծել։
Պետական ծառայությունների հաստիքների կրճատումը, ներառյալ՝ նախարարությունների հնարավոր կրճատումը, եղել է Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկը։
Պետական ծառայողներին միավորող արհմիության ղեկավարը խիստ քննադատել էր այս նախաձեռնությունը՝ այն անվանելով «դաշնային կառավարության զտում»։