Մատչելիության հղումներ

Դարոն Աճեմօղլուն՝ հայկական ծագումով երկրորդ Նոբելյան մրցանակակիր


Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարում է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները, Ստոկհոլմ, 14-ը հոկտեմբերի, 2024թ.
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարում է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրների անունները, Ստոկհոլմ, 14-ը հոկտեմբերի, 2024թ.

Աշխարհահռչակ հայազգի գիտնական Դարոն Աճեմօղլուն արժանացավ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։

Աճեմօղլուի հետ հենց այսօր կապ հաստատեցին Նոբելյան կոմիտեից. անվանի տնտեսագետն ասաց՝ Նոբելյան մրցանակ ստանալն անսպասելի էր, հրաշալի անակնկալ և մեծ պատիվ իր համար. - «Հրաշալի նորություն է, ես և՛ զգացված եմ, և՛ ցնցված»:

Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են երկրների բարեկեցության և նրանց կառավարման մշակույթների միջև եղած կապն ուսումնասիրելու համար։ Եթե ավելի պարզ՝ նրանք բացատրել են ու որ շատ էական է՝ գիտականորեն հիմնավորել, թե ինչու են որոշ երկրներ հարուստ ու բարեկեցիկ, իսկ որոշ երկրներ չեն կարողանում թոթափել աղքատությունը։ Գիտնականները եզրահանգել են, որ տնտեսական աճ ու բարգավաճում ունենում են այն երկրները, որտեղ գործում է ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և սեփականության իրավունքի անխախտելիությունը, և հակառակը՝ ավտորիտար ռեժիմները երկարաժամկետ առումով ավելի քիչ բարեկեցիկ են ու ավելի դանդաղ են աճում:

Լրագրողներից մեկն Աճեմօղլուին հարցրեց՝ եթե ժողովրդավարությունը նշանակում է տնտեսական աճ ու բարեկեցություն, ապա ի՞նչ կարելի է ասել, օրինակ, Չինաստանի պես երկրի մասին, որ դեմոկրատական չէ, բայց տնտեսական ահռելի առաջընթաց ունի։

«Ժողովրդավարությունը պանացեա չէ, բոլոր խնդիրների լուծումը չէ: Ժողովրդավարության ներդրումը շատ դժվար է, ընտրությունները երբեմն կոնֆլիկտներ են ստեղծում, և մասնավորապես արդեն իսկ բևեռացված հասարակություններում ընտրությունները կարող են կարճատև արդյունքի հանգեցնել, որ երբեմն ոչ ժողովրդավար բնույթ ունեն այն առումով, որ մեկ ուժ իշխանություն է ստանում և արդեն սկսում է ավտորիտար կերպով իրեն դրսևորել: Եվ կան ավտորիտար երկրներ, որ կարող են աճել, այդ երկրներն արագորեն կարող են ռեսուրսներ մոբիլիզացնել, և դա կարող է հանգեցնել աճի: Բայց մեր փաստարկն այն է, որ ավտորիտար աճը հաճախ ավելի անկայուն է, սովորաբար չի հանգեցնում արագ և օրիգինալ նորարարությունների», - պատասխանելով հարցին՝ ասաց գիտնականը և շարունակեց. -
«Չինաստանն այս առումով մի փոքր այլ է, քանի որ վերջերս սկսել է խոշոր ներդրումներ անել և ռեսուրսներ դնել այնպիսի ոլորտներում, ինչպիսին է արհեստական բանականությունը: Բայց ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ավտորիտար ռեժիմները տարբեր պատճառներով ավելի դժվար կհասնեն երկարաժամկետ կայուն նորարարական արդյունքների»:

Նոբելյան մրցանակի շնորհավորանքները Աճեմօղլուն անձամբ ընդունեց Աթենքում, որտեղ մասնակցում էր կայունության հարցերով գիտաժողովի։ Նկատեց՝ ժողովրդավարության օրրանում նման լուր ստանալը շատ խորհրդանշական է:
Իսկ ի՞նչ վիճակ է հիմա աշխարհում, արդյո՞ք ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահություն կա: Աճեմօղլուի կարծիքով՝ այս հարցում ճգնաժամ է։

«Ես բացարձակապես վստահ չեմ, որ հիմա ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահություն կա: Նկատի ունեմ՝ եթե վերցնենք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տրամադրած տվյալները,
ժողովրդավարությանն աջակցությունը պատմական մինիմումի վրա է՝ ամենացածրն է բոլոր ժամանակների համեմատությամբ:
Դա ցույց է տալիս, որ մարդիկ հիասթափված են ժողովրդավարությունից և կարծում են, որ ժողովրդավարությունը չի կատարել այն, ինչ խոստացել է», - ասաց հայազգի գիտնականը:

Ինչ վերաբերում է ապագային, ապա Աճեմօղլուն կարծում է՝ այն թե՛ մարտահրավերներ, թե՛ հնարավորություններ կստեղծի. - «Կարծում եմ, որ վաղվա աշխարհը շատ մարտահրավերներ կբերի յուրաքանչյուր երկրին: Միջին և բարձր եկամուտ ունեցող երկրների համար գլոբալիզացիան և արհեստական բանականությունը հնարավորություններ և մարտահրավերներ կստեղծեն: Այսպիսով, իրոք կարևոր է ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները, բայց նաև շատ կարևոր են ներդրումները մարդկային տաղանդի և մարդկային ռեսուրսների ոլորտում, ինստիտուցիաների, վերապատրաստման և ճկունության մեջ: Եվ ես հուսով եմ, որ Հունաստանը, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներ, իմ ծննդավայր Թուրքիան, Հայաստանը և Միացյալ Նահանգները, բոլորն էլ գտնվում են շատ լուրջ վերափոխումների շեմին»:

2018 թվականի թավշյա հեղափոխությամբ վարչապետությունը ստանձնելուց շատ չանցած Նիկոլ Փաշինյանն Աճեմօղլուի հետ տեսակոնֆերանս էր ունեցել, քննարկել Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը, ականավոր գիտնականին հրավիրել Հայաստան: Աճեմօղլուն պատրաստակամություն էր հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում և, ինչպես նշել էր Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, ընդունել էր Հայաստան այցելելու հրավերը, սակայն նա այդպես էլ Հայաստան չեկավ:

57-ամյա գիտնականը ծնունդով Ստամբուլից է, կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, աշխատում է Միացյալ Նահանգներում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:

Աճեմօղլուն հայկական ծագումով երկրորդ Նոբելյան մրցանակակիրն է։ 2021-ին Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG