Մատչելիության հղումներ

Աղետից տուժածները տարակուսած են՝ ցեխի մեջ կորած գույքը փչանում է, դեռ գույքագրողներ չեն եկել


Ալավերդին հեղեղներից հետո
Ալավերդին հեղեղներից հետո

Այսօրվանից Լոռու և Տավուշի մարզերի 9 համայնքներ աղետի գոտի են համարվում։ Երեք օր առաջ վարարած գետերը հեղեղել են մոտ 40 բնակավայր այս երկու մարզերում։

Դեռ երեկվանից, երբ գետը որոշակի հանդարտվել է. ու մակարդակը՝ նվազել, տեղ-տեղ ճանապարհաշինական աշխատանքներ են։ Ալավերդիում ջրածածկված թաղամասերում մաքրող տրակտորներ են, բայց դեռ շենքերն ու մարդկանց տները տիղմի մեջ են, մուտքեր ու առաջին հարկեր մտնել չի լինում։ Պաշտոնյաները բնակիչներին հորդորել են ձեռք չտալ վնասված գույքը, քանի դեռ չեն հաշվառել վնասը։ Բայց, մարդիկ տարակուսած են՝ ցեխի մեջ կորած գույքը փչանում է, ու դեռ գույքագրողներ չեն եկել։

«Ո՞նց կարան տուն դարձնեն, երբ որ ծիլը տան մեջ է։ Մատրասը ջրի մեջ ճպճպում է, ասում են՝ ձեռք մի տուր։ Ձեռք չեմ տալիս, բայց սենց... ի՞նչ կարաս անես», - պատմեց բնակիչներից մեկը՝ հավելելով՝ ամբողջ տեխնիկան վնասվել է։

«Գալիս են նախարարները, կայարանից նայում, նկարվում, թողնում, գնում», - հավելեց մյուսը։

Կառավարությունից դեռ չեն հայտնում, թե կոնկրետ ինչ մեխանիզմով տեղի կունենա փոխհատուցումը, բայց բնակիչները հույս ունեն, որ եթե հաշվառելու են վնասված գույքը, փոխհատուցումը կստանան։

«Ծավալները շատ մեծ են, երեկ բավական աշխատանք արվել է, այսօր էլ ամբողջ օրվա ընթացքում շարունակվում է, կամավորների մի մասին փորձում ենք նաև այդ աշխատանքներում ներառել, որպեսզի գույքագրումը հնարավորինս արագ իրականանա, բայց պատկերացնում եք մասշտաբները։ Շուկայում տասնյակ խանութներ կան, հսկայական քանակությամբ ավերված կամ վնասված ապրանքներ, դրանք գույքագրումն այնպես չէ, որ րոպեների հարց է», - ասում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ամենաշատ տուժած ճանապարհը Վանաձորից դեպի Բագրատաշեն գնացող Մ6-ն է, որը վերակառուցվել է անցած 8 տարիներին երկու փուլով։ 90 կմ-անոց այս ճանապարհի համար մոտ 120 միլիոն դոլար է ծախսվել, որի շուրջ կեսը՝ Եվրոպական ներդրումային բանկից որպես վարկ։ Դեռ պաշտոնական թվեր չկան, թե որքան վնաս է կրել այս նորակառույց ճանապարհը, բայց կառավարությունից ասում են՝ վնասները միլիարդների են հասնում։ Երեկ կառավարությունը որոշեց 300 միլիոն դրամ հատկացնել սկզբնական հրատապ աշխատանքների համար։

Թե արդյոք վատորակ աշխատանքն է եղել պատճառը, որ այդքան մեծ վնասներ են հասցվել հենապատերին, կամուրջներին, ճանապարհներին, դեռևս ՏԿԵ-ից հստակ չեն ասում։ Նախարար Սանոսյանն ասաց. - «Շատ տեղեր ունենք, որ կառուցված հենապատերը իրենց դրական ազդեցությունն ունեցել են, և շատ տեղեր ունենք, որ միտք է հասունանում, որ ընդհանրապես պետք է հենապատերի հատվածները շատ ավելի լինեին, ավելի խորն ու ամուր՝ հաշվի առնելով, որ ինչքան էլ ուշ-ուշ, բայց գետերը նման վարարումներ հնարավոր է ունենան»։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG