Հայաստանի դպրոցներում ոչ միայն ուսուցիչների, այլ նաև տնօրենների թափուր հաստիքներ կան: Այս պահին, ըստ Կրթության նախարարության գրեթե 310 դպրոց ղեկավար չունի։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 1399 դպրոց կա, ստացվում է՝ դրանց 43 տոկոսն ընտրված տնօրեն չունի: Այդ հաստատությունները հիմնականում պաշտոնակատարներն են ղեկավարում:
«Տեղեր կան, որտեղ հավակնորդներ չկան, և տեղեր կան, որ ամիսներ շարունակ միայն մեկ հավակնորդ է լինում, որն էլ պարբերաբար անհաջողության է մատնվում, բայց այդպես էլ նոր մարդ չի հայտնվում, որ կփորձեր տվյալ հաստատությունը ղեկավարելու փորձ աներ», - «Ազատությանն» ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչ Վերոնիկա Բաբաջանյանը չորրորդ անգամ փորձել է հաղթահարել մրցույթը, առայժմ՝ առանց հաջողության. - «Ինձ ասում էին, որ կառավարչական գիտելիքներ չունեմ, չնայած ինքս արդեն 28 տարի մանկավարժական ոլորտում եմ աշխատում՝ դպրոցում շարքային ուսուցչից մինչև փոխտնօրեն անցել եմ: Կառավարչական գիտելիքները իրենք այդպես չէին կարող տեսնել, մինչև ուսուցիչն այդ նույն պաշտոնում չաշխատի: Աշխատանքի ընթացքում է երևում՝ կարողանում ենք մենք ոլորտին տիրապետել, թե ոչ»:
2023 թվականին ընդունված փոփոխություններով դպրոցի տնօրենի ընտրությունը երեք փուլով է անցկացվում: Թափուր հաստիքները, ըստ էության, այս փոփոխության հետևանքն են:
Թեկնածուները նախ պետք է հավաստագրվեն, ապա դպրոցի զարգացման ծրագիր մշակեն ու հարցազրույց անցնեն: Ու հենց այստեղ է, որ մրցույթի մասնակիցներն առավել շատ են թերանում։
«Մենք ունենք դեպքեր, երբ տնօրենը յոթ-ութ անգամ դիմում է, և ծրագիրը չի անցնում։ Ունենք դեպքեր, երբ դպրոցը երկու տարի տնօրեն չունի, արդեն ունենք նաև անհավանական դեպքեր՝ հայտարարվում է մրցույթ, և ոչ ոք չի դիմում», - նկատեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Հանրակրթության վարչության ղեկավար Թամարա Սարգսյանին զարմացնում է այն հանգամանքը, որ տարիներով դպրոցում աշխատելով՝ մասնակիցները չեն կարողանում վերլուծել առկա խնդիրները և իրատեսական լուծումներ առաջարկել: Ըստ պաշտոնյայի՝ մրցույթի մասնակիցները երբեմն նաև խորամանկություններ են անում, զարգացման ծրագիրը գրելիս օգտվում են վճարովի ծառայություններից: Կասկածներ կան, որ անգամ դիմում են արհեստական բանականության օգնությանը:
Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ տնօրեններին չեն սովորեցրել զարգացման ծրագիր գրել, այդ պարագայում ինչպե՞ս պետք է նրանք դա անեն. - «Երբ որ դու մարդուց պահանջում ես մի բան, որը իրեն չես սովորեցրել, ինքը դիմելու է կեղծիքի»:
Նախարարությունը նախքան տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ մտցնելը վերապատրաստում չի իրականացրել, սակայն ասում են՝ հանդիպումների ընթացքում հնչեցրել են իրենց ակնկալիքները, թե ինչպիսին պետք է լինեն զարգացման ծրագրերը։ Այս պահին կառավարչական հմտություններ սովորելու միայն մեկ պիլոտային ծրագիր կա, որին տնօրենի 60 թեկնածու է մասնակցում:
Մրցույթի մասնակիցները նույնպես դժգոհություններ ունեն: Գնահատող հանձնաժողովները երբեմն հակասական եզրակացություն են տալիս թեկնածուի նույն աշխատանքին, ԿԳՄՍՆ-ից խոստովանում են՝ նման թերություններ երբեմն լինում են։
«Եթե առաջին անգամ իմ նույն զարգացման ծրագիրը 17.3 էր գնահատվել, ապա հաջորդ անգամ`13.3: Այսինքն՝ կա՛մ հստակ չափանիշներ չունեն, կա՛մ կոմպետենտ չեն փորձաքննողները», - կարծում է Վերոնիկա Բաբաջանյանը:
Կրթության փորձագետը ևս մեկ խնդիր է մատնանշում՝ պաշտոնակատարների մեծ մասը «գլուխ չի հանում» դպրոցի կառավարումից։
Նախարարությունում վերլուծություն չունեն՝ առանց տնօրենի մնացած դպրոցներում ինչ խնդիրներ են առաջանում, բայց պնդում են՝ ակնհայտ թերացումներ չեն տեսել:
Սոնա Հովսեփյան