Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներն անհապաղ դադարեցնելու պահանջով կառավարությանն է դիմում հուշարձանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի կենտրոնը։ Կազմակերպության՝ ճարտարապետներից բաղկացած մասնագիտական խումբը շինարարական աշխատանքներն ուսումնասիրել ու զեկույց է պատրաստել. ահազանգում են՝ ամրակայման փոխարեն հուշարձանը վերակառուցում են։
«Անփորձառու, բազմաթիվ սխալներով իրականացված նախագծային աշխատանքն այսօր բոլորիս դնում է շատ լուրջ իրավիճակի մեջ», - ասաց «Արթուր Թարխանյան կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թարխանյանը:
«Իրենք ստացել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն անել վերանորոգման, վերակագնման, ամրակայման աշխատանքներ, բայց անում են լրիվ վերակառուցման աշխատանքներ», - նշեց հանգուցյալ ճարտարապետի թոռը՝ ՀԿ խորհրդի անդամ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը:
Նա պնդեց՝ մինչ նորոգման աշխատանքները ոչ միայն տարրական ուսումնասիրություններ չեն անցկացվել, այլև չկա նման մասշտաբի շինարարություն սկսելու մասնագիտական հիմնավորում, նախագծում չի ներկայացվում ոչ մույթերից բազալտե քարերը, ոչ դեպի անմար կրակ տանող աստիճաններն ապամոնտաժելու անհրաժեշտությունը։
Անահիտ Թարխանյանն ասում է՝ նախագծով նախատեսվում է նաև համալիրի՝ մույթերի շուրջը 3.5 խորությամբ ու 2.5 մետր լայնությամբ փոս փորել։ Հիմնավորումը, թե դա հուշարձանը ջրից պաշտպանելու համար է արվում, մասնագիտական խմբին չի համոզել։
Կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել են ամրակայման անվան ներքո ընթացող աշխատանքներն ու եզրակացրել՝ վտանգի տակ է ոչ միայն հուշարձանի տեսքը։ Վստահ են՝ ապամոնտաժման աշխատանքները խարխլելու են հուշարձանը, դրա հիմքերը։
Շինարարությունից ի վեր աղմուկը չի դադարում, մե՛կ փնթի շինարարության, մե՛կ վանդալիզմի մասին էին ահազանգում ակտիվիստներն ու մասնագետները: Այս ընթացքում, սակայն, վերանորոգման ծրագիրը չի փոխվել, տարածքում միայն ժանգոտ ձողերին նորերն են փոխարեն, շինհրապարակն էլ՝ թաղանթով վարագուրվել:
Վերանորոգումն իրականացնում է Կրթության նախարարության հայտարարած բաց մրցույթի հաղթող «Բիդեքը»։ Այս ընկերությունը հիմնականում զբաղվում է զբոսայգիների, բազմաբնակարանների կառուցմամբ։
«Ինչ որ անելու է, ընդհակառակը՝ սատարելու է նրան, որպեսզի հուշարձանը մոտակա մի քանի տարվա մեջ լուրջ խնդիրներ ունենա հիդրոիզոլյացիայի», - ասաց Անահիտ Թարխանյանը:
Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության զեկույցի հեղինակները պահանջում են վերանայել նախագիծը՝ հիմնվելով ժամանակակից հետազոտությունների վրա։ Բացի այդ, անհրաժեշտ են համարում նախագծի վերջնական տարբերակը համաձայնեցնել մասնագիտական ու քաղաքացիական հանրության հետ։
«Պահանջելու ենք, որ նախագծերը վերջապես մեզ հետ համաձայնեցվեն և բերվեն կարգի այնպես, ինչպես պետք է, որպեսզի նախագիծը լինի նախագիծ, ոչ թե թղթե կտոր, որով փորձում են փակել և դուրս գրել շատ մեծ գումարներ», - ասաց նա:
ԿԳՄՍՆ-ից մինչդեռ պնդել էին, թե մինչև շինարարությունն ու հետո օրենքով նախատեսվող բոլոր ընթացակարգերն իրականացվել են՝ գիտամեթոդական խորհրդի քննարկումներ են անցկացվել, մասնագիտական հանձաժողովի եզրակացություններ արվել։
Նախարար Ժաննա Անդրեասյանը հիմնավորել էր՝ հուշահամալիրը շուրջ 60 տարի չի նորոգվել, ջրահեռացման, ջրամեկուսացման լուրջ խնդիրներ են եղել։ Ի դեպ, նախարար Անդրեասյանը պարբերաբար այցելում է հուշահամալիրի տարածք, հետևում աշխատանքերին։
«Սա մի վայր է, որը կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար՝ անկախ որևէ այլ հանգամանքից։ Եվ մեր նախարարությունը ամենախիստ պահանջներն է դնում այս աշխատանքի իրականացման ընթացքում», - շեշտել է նա:
Պետությունը համալիրի նորոգման համար 800 միլիոն դրամ է հատկացրել, խոստանում են 300 օրում ավարտել շինարարությունը։ Մինչդեռ հուշահամալիրի ճարտարապետի ժառանգները պնդում են՝ պետության հատկացրած գումարից 5 անգամ ավելի քիչ ծախսով հնարավոր էր լուծել ջրամեկուսացման ու ջրահեռացման աշխատանքները, դրա համար, ըստ նրանց, նման մասշտաբի աշխատանքներ սկսելու անհրաժեշտություն չէր լինի։
Անահիտ Թարխանյանը պատրաստվում է դատարան գնալ, եթե չդադարեցվեն շինաշխատանքները։ Ասում է՝ այլընտրանք չի տեսնում, վտանգված է հոր համահեղինակությամբ կառուցված ու ավելի քան կես դարի պատմություն ունեցող հուշարձանը։ Շինարարության պատվիրատուն՝ Կրթության նախարարությունը, առայժմ չի մեկնաբանում հուշարձանի հեղինակի ժառանգների հայտարարությունը, «Ազատությանը» հորդորեցին գրավոր հարցում ուղարկել: