Բժիշկներն ահազանգում են՝ առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալի մեծացել է, սակայն իրենք նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստացել:
«Ես մոտավոր ստանում եմ միջինում 100-110 հազար դրամ աշխատավարձ, այս ամսում ստացել եմ մոտ 80 հազար՝ 75 հազարի կարգի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պոլիկլինիկաներից մեկում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանը:
Աճեմյանն այն համարձակներից է, որը համաձայնեց խնդրի մասին տեսախցիկի առաջ խոսել. նա և այլ բժիշկներ պնդում են՝ բժշկական հաստատությունների ղեկավարները ճնշում են աշխատակիցներին՝ արգելելով բարձրաձայնել խնդրի մասին. «Մշտապես գլխավորների կողմից ճնշումներ է եղել՝ ոչ մի բողոք չլինի, ոչ մի բան չլինի, վրդովմունք չլինի, ձայն դուրս չգա հենց մեր պոլիկլինիկայից: Դե հերթական անգամ հիմա նորից նույն վիճակն է, նույն գլխավորների ճնշմամբ, մարդիկ չեն խոսում, ուղղակի չեն խոսում: Բայց բոլորն էլ զարմացած են, թե ոնց կարելի է բժշկին էդքան վատ պահել երկրում»:
Մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Աճեմյանից զգալիորեն ցածր աշխատավարձ ստացող բուժաշխատողներն էլ են եղել՝ 40 հազար, 20 հազար, անգամ, ասում է, նույնիսկ 13 հազար դրամի մասին է լսել: Չեն հասկանում նաև, թե առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ինչպես են հաշվարկվել իրենց աշխատավարձերը, որևէ հիմնավոր պարզաբանում չեն ստացել:
«Բավականին ուշացած նստեցին, այո, դե հետո էլ արդեն չգիտենք, թե ոնց է հաշվարկն արվել», - նշեց բժշկուհին:
Այս շաբաթ բժիշկները հնարավորություն ունեին պարզաբանումներ ստանալ անձամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, սակայն անհարմար հարցերին զուգահեռ՝ տեսազանգը տարօրինակ պատահականությամբ ընդհատվել է, պատմում է Աճեմյանը. - «Գլխավորների կողմից ճնշում է եղել նախապես, միացողներին ասել են՝ հանկարծ ավելորդ հարցեր չտաք, բայց եղել են հարցեր տվողներ, մարդիկ, և հանկարծակի Zoom-ն ընդհատվել է տեխնիկական պատճառներով, և ասվեց, որ հետագայում նորից կկրկնեն, կամ կշարունակենք, էդպես: Ոչ մի պատասխան չի եղել, ոչ»:
«Ես ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել նաև մեր բուժաշխատողներին». - առողջապահության նախարարը մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության տաղավարում էր: Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են ի հայտ եկել հունվարի 1-ից հետո, Անահիտ Ավանեսյանը ցածր աշխատավարձերի մասին ոչ մի բառ չասաց, ավելին՝ դեռ պնդեց, թե բժիշկները պետք է զարգացնեն հմտությունները:
Իսկ ինչպե՞ս կարելի է նվազագույն աշխատավարձից էլ պակաս գումար ստանալ, օրվա հացի խնդիր լուծել, կոմունալներ վճարել, մարել վարկերը ու զուգահեռ է՛լ ավելի լավ ու շատ աշխատելու մասին մտածել, նախարարը բանաձև չառաջարկեց:
«Իհարկե, մարդիկ կան, որոնց համար անհարմարություններ են ստեղծվել, որովհետև ինչ- որ առումով երկար տարիների աշխատելաոճը փոխվել է, օրինակ, տեսեք՝ պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը, բայց պոլիկլինիկան պիտի ծանրաբեռնված աշխատի, պիտի բժշկական կենտրոնն ունենա բավարար ծանրաբեռնվածություն, որպեսզի այդ մասնագիտական փորձառությունն էլ հետ չաճի, և էս առումով էլ, իհարկե, մենք շատ աշխատանք ունենք անելու», - ասաց Ավանեսյանը:
Այս շաբաթ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահը երկու բժիշկների հետ Ազգային ժողով էր գնացել աշխատավարձի խնդրի վերաբերյալ նամակ հանձնելու:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը սոցցանցում էր արձագանքել՝ գրելով, թե ո՞վ է լիազորել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին խոսել բոլոր բուժաշխատողների անունից: Բողոքի բուն պատճառի մասին, սակայն, ոչ մի խոսք, ցածր աշխատավարձերի վերաբերյալ ոչ մի բառ չկար, Մարիամ Ծատրյանն ավելի ուշ հեռացրել է այդ գրառումն իր էջից:
Տեսազանգով հանդիպումն, ըստ Առողջապահության նախարարության, կշարունակվի մարտի 3-ին: Մինչ այդ համարձակ բժիշկների թիվը մեծանում է, սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել՝ տասնյակ բժիշկներ հրապարակում են իրենց լուսանկարներն ու գրում՝ «Կողմ եմ, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների պայմանները», շարքում նաև Լիլիթ Աճեմյանի հրապարակումն է: