Ռուսական զինուժը Սուրբ Ծննդյան տոնին շարունակել է հարվածները Ուկրաինայի մի շարք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին: Օդեսայում հարվածել են նաև նավահանգստի ենթակառուցվածքներին, կա մեկ զոհ: Եվս մեկ զոհ կա Չեռնիգովում, որտեղ անօդաչուն հարվածել է հինգհարկանի շենքի։ Խերսոնում էլ հարվածել են շուկային, կա մեկ զոհ:
Թիրախում են եղել նաև Խարկովը, որի մի մասը հոսանքազրկվել է, նաև մայրաքաղաք Կիևը, որտեղ գիշերը երկու անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը: Ռուսական կողմը հայտնել է ևս մեկ բնակավայր վերցնելու մասին:
Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստին, նավթամթերքի երկու պահեստարաններում հրդեհ է բռնկվել: Նավթավերամշակման գործարանների են հարվածել նաև Օրենբուրգում և Նովոշախտինսկիում:
Ուկրաինայի նախագահը սուրբծննդյան ուղերձում ասել է, որ կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր տոնին հարվածները չդադարեցնելով՝ Ռուսաստանն ապացուցում է, որ «անաստվածներ» են, որոնք «ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ»:
«Այսօր բոլորս մեկ երազանք ունենք։ Եվ միասին մեկ ցանկություն ենք պահում: «Թող նա՝ [Պուտինը] մահանա», կարող է մտքում մտածել մեզանից յուրաքանչյուրը, բայց երբ դիմում ենք Աստծուն, իհարկե, ավելին ենք խնդրում։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք դրա համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը, չնայած իր առաջացրած բոլոր դժվարություններին, չի կարող կոտրել ուկրաինացիների ոգին, հավատը միմյանց նկատմամբ և միասնությունը։
Կրեմը վերլուծում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, հայտնել է Կրեմլի խոսնակը: Նրա խոսքով. - «Մենք վերլուծում ենք այս նյութերը, և կախված պետության ղեկավարի կողմից կայացված որոշումներից, կշարունակենք մեր շփումը ամերիկացիների հետ»։
Դմիտրի Պեսկովը նաև ասել է, որ տեսել են Զելենսկիի սուրբծննդյան ուղերձը, որը նա «տաօրինակ» է անվանել: Ըստ նրա՝ Զելենսկին կարծես «ադեկվատ չէ» և հարց է առաջանում, թե արդյոք «ի վիճակի է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման համար ադեկվատ որոշումներ կայացնել»։
Ու մինչ Մոսկվան վերլուծում է խաղաղության նոր առաջարկները, Bloomberg-ը Կրեմլին մոտ աղբյուրին հղումով հայտնում է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև Մայամիում կայացած բանակցությունների արդյունքում մշակված 20 կետանոց ծրագրի հետ: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ Մոսկվան մտադիր է փոփոխություններ կատարել դրանում։
Բայց Կրեմլը այս պլանը դիտարկում է որպես հետագա բանակցությունների համար մեկնարկային կետ, քանզի դրանում բացակայում են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ: Bloomberg-ի աղբյուրը պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, իսկ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրամիությանը։
Մոսկվան նաև ցանկանում է, որ հստակություն մտցվի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների վերացման և Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների ապագայի հարցում: Փաստաթղթում հաշվի չեն առնվում պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի ցանկությունները, նաև հստակ երաշխիքներ չկան Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ, գրում է գործակալությունը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, թե Bloomberg-ի հոդվածը կեղծ է, քանզի լրատվամիջոցը Կրեմլին մոտ հուսալի աղբյուր չունի: «Միայն ոչ հուսալի աղբյուրներ»,- սոցցանցում գրել է Մարիա Զախարովան:
Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ խաղաղության նոր պլանում շատ բաներ բացակայում են, և Ռուսաստանը, թերևս, կներկայացնի իր պահանջներն ու ցանկությունները:
Ըստ նրա՝ որոշ հարցերի շուրջ հնարավոր չի լինի փոխզիջման գնալ, օրինակ՝ տարածքների կամ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ուստի դիրքորոշումները համաձայնեցնելու երկար փուլ է սպասվում: Քաղաքագետի կարծիքով՝ խնդիր կառաջանա նաև հրադադարի հետ կապված, մասնավորապես, թե երբ և ինչպես պետք է այն հաստատվի:
Ուկրաինացի քաղաքագետի խոսքով. - «Եթե բանակցություններն ընթանան այս ծրագրի համաձայն՝ այն տրամաբանությամբ, որ հրադադարը կհաստատվի միայն շրջանակային համաձայնագրի ամբողջական ստորագրումից հետո, կարող եմ ասել, որ մենք իրական խաղաղություն դեռ երկար ժամանակ չենք տեսնի»:
Այս ֆոնին Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել «քաջություն» ցուցաբերել և երկխոսություն սկսել՝ դադարեցնելու համար գրեթե չորս տարի շարունակվող պատերազմը:
«Թող զենքերը լռեն, և թող ներգրավված կողմերը, միջազգային հանրության աջակցությամբ և հանձնառությամբ, համարձակություն գտնեն անկեղծ, անմիջական և հարգալից երկխոսություն ծավալելու համար»,- ասել է Լեո XIV-ը Սուրբ Պետրոսի տաճարի կենտրոնական պատշգամբից ունեցած ելույթում: