Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հանրաքվե անցկացնել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ


Ուկրաինան 20 կետից բաղկացած խաղաղության համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը կամ կանցկացնի համազգային հանրաքվե, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան այս համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը՝ «այո» կամ «ոչ» ձևաչափով և/կամ կանցկացնի համազգային հանրաքվե՝ հաստատման համար», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել Զելենսկին։ Նա նաև հայտարարել է, որ նախագահական ընտրություններ կանցկացնի հնարավորինս շուտ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:

«Ուկրաինան այլևս ժողովրդավարություն չէ», - Politico-ին տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին Վլադիմիր Զելենսկուն կոչ անելով ընտրություններ անցկացնել։

«Ուկրաինայում երկար ժամանակ է արդեն, ինչ ընտրություններ չեն եղել։ Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, սակայն հասել են մի իրավիճակի, երբ ըստ էության ժողովրդավարական պետություն չեն հանդիսանում», - հայտարարել է Թրամփը։

Զելենսկին ասել է նաև, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցային թիմերը Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հարցերի շուրջ, Զելենսկին կոչ է արել այդ հարցերը քննարկել առաջնորդների մակարդակով։

«Ամերիկյան կողմի հետ մենք կոնսենսուսի չենք հասել Դոնեցկի մարզի տարածքի և Զապորոժյեի ատոմակայանի վերաբերյալ», - ասել է Զելենսկին՝ հավելելով. «Զգայուն հարցեր քննարկելու համար մենք պատրաստ ենք առաջնորդների մակարդակով Միացյալ Նահանգների հետ հանդիպմանը: Նման հարցերը պետք է քննարկվեն առաջնորդների մակարդակով»։

Նա չի մանրամասնել, թե արդյոք առաջնորդների մակարդակով հանդիպպմանը ներկա կլինի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, չնայած Զելենսկին վաղուց է կոչ արել հանդիպել Կրեմլի ղեկավարի հետ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG