Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։
Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, թե չնայած իրավապահների կոչերին՝ Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի տարածքում տեղի ունեցած հանրահավաքը խախտել է սահմանված նորմերը։
Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների արդյունքում» տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։
Ցուցարարները երեկ երեկոյան կրկին հավաքվել էին Ռուսթավելի պողոտոայում՝ խորհրդարանի դիմաց ու դրան հարակից տարածքում։ Ողջ գիշեր ոստիկանությունը փորձում էր ցրել հավաքը, կիրառվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ։ Երկրորդ գիշերն է քաղաքացիները, որ համաձայն չեն իշխանության որոշման հետ՝ Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028թ. դադարեցնելու վերաբերյալ, բողոքի ցույց են իրականացնում, բախումների առաջին օրը տասնյակ տուժածներ կային, նրանց թվում նաև 15 լրագրող։
Վրաստանի ՆԳՆ-ն այսօրվա հայտարարության մեջ նշել է, որ օրենսդիր մարմնի շրջակայքում հավաքված մարդիկ վնասել են խորհրդարանի անվտանգության ցանկապատը, դարպասը։
Նախորդ օրը ևս ոստիկանները բավականին կոշտ միջոցներով ցրեցին հավաքը։
- Հինգշաբթի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, որ Վրաստանը Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները սառեցնում է մինչև 2028 թվականը, առաջ բերեց ընդդիմության բուռն արձագանքը և երկու օր շարունակվող բողոքի ցույցերին: Ավելի ուշ Վրաստանի վարչապետը մեղադրեց ընդդիմությանը և Վրաստանում ԵՄ դեսպանին իր խոսքերը խեղաթյուրելու մեջ և պնդեց, որ դաշինքին անդամակցությունը «մինչև 2030 թվականը» շարունակում է մնալ իրենց առաջնահերթությունը, բայց մինչև 2028 թվականը բանակցություններ չեն սկսի։