Տասնյակ տուժածներ կան Վրաստանում վաղ առավոտյան ոստիկանության կոշտ գործողություններից ու ցուցարարների հետ բախումներից հետո։
Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը երեկ նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ հայտարարությունից հետո ցուցարարերը սկսեցին հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
Իսկ առավոտյան արդեն ոստիկանությունը ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազով, լուսաձայնային նռնակներով ու բռնությամբ սկսեց ցրել այս որոշման դեմ հանդես եկողներին` հատուկ թիրախավորելով նաև լրագրողներին։ Բախումների հետևանքով 15 լրագրող է տուժել, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության օպերատորը։
Թե քանի տուժած կա ցուցարարների շրջանում, ստույգ հայտնի չէ, ոստիկանությունը հաղորդում է միայն 3 տասնյակ տուժած ոստիկանների մասին և նշում, որ ավելի քան 4 տասնյակ մարդ բերման է ենթարկվել, վարչականից բացի, հարուցվել են նաև քրեական գործեր։
Խորհրդարանի շենքի մոտ երեկ երեկոյան հավաքված ցուցարարները Վրաստանի կառավարության որոշումը համարում են դավաճանություն երկրի շահերին, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան և ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։
Ցուցարարներին միացել էր նաև մոտ երկու շաբաթից իր պաշտոնավարումն ավարտող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ եվրաինտեգրման ջատագովներից Է
Չնայած բանակցությունները սառեցնելու հայտարարությանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում եվրաինտեգրման իրենց նպատակին։
Ռուսաստանի խորհրդարանում գովաբանել են Թբիլիսիի խոհեմությունը, իսկ Թբիլիսիում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ Բրյուսելում խիստ հիասթափված են Վրաստանի որոշումից։
Ինչ վերաբերում է ցուցարարների ու ոստիկանների բախումներին, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը «բռնությունը ճնշելու և օրենք ու կարգ հաստատելու համար»՝ միաժամանակ տխուր անվանելով նաև լրագրողների վրա ոստիկանական հարձակումների փաստը։