Մատչելիության հղումներ

Բայդենը կտրականապես հրաժարվում է դուրս գալ ընտրապայքարից


ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հուլիսի, 2024թ.
ԱՄՆ - Նախագահ Ջո Բայդենը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հուլիսի, 2024թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կտրականապես հրաժարվում է դուրս գալ ընտրապայքարից՝ հայտարարելով, որ մտադիր է երկրորդ անգամ հաղթել Դոնալդ Թրամփին և ավարտին հասցնել կիսատ թողած գործը։

Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հնչում է մի ժամանակահատվածում, երբ արդեն նրա ամենամերձավոր թիմակիցներն են հորդորում մի կողմ քաշվել՝ մտավախություն ունենալով, որ թեկնածու Բայդենի հետ Դեմոկրատական կուսակցությունը չի հաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեկ տեղի ունեցած մամլո ասուլիսին, որը 81-ամյա նախագահի համար հնարավորություն էր՝ մեղմելու Թրամփի հետ հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում անհաջող ելույթի տպավորությունը, Բայդենը համառորեն հրաժարվեց հետևել թիմակիցների հորդորներին:

«Ամեն օր ես շրջապատված եմ լավ բժիշկներով։ Եթե նրանք կարծում են, որ կա խնդիր, ես ձեզ հավաստիացնում եմ՝ մենք չենք կարծում, որ խնդիր կա: Եթե նրանք կարծում են, որ ես պետք է կրկին նյարդաբանական հետազոտություն անցնեմ, ես կանեմ: Ոչ ոք հիմա ինձ նման առաջարկ չի արել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Ամերիկյան մամուլը նկատում է, որ լրագրողների հետ մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում թեև նախագահն ընդհանուր առմամբ շատ ավելի ինքնավստահ տեսք ուներ, քան Թրամփի հետ աղմկահարույց բանավեճի ընթացքում, երբ դժվարությամբ էր պատասխաններ ձևակերպում, անկազմակերպ ու մոռացկոտ տեսք ուներ, այդուհանդերձ, այս անգամ էլ նրան չհաջողվեց խուսափել լեզվի սայթաքումներից. նա նախ Զելենսկուն որպես նախագահ Պուտին ներկայացրեց. հետո էլ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանեց փոխնախագահ Թրամփ։

Բայդենը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ հենց ինքն է այն անձը, որն ի վիճակի է հաղթել հանրապետականների թեկնածուին. - «Ես եմ ամենապատրաստված թեկնածուն նախագահի ընտրություններին մասնակցելու համար։ Ես մեկ անգամ արդեն հաղթել եմ նրան և կհաղթեմ նորից»:

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց առաջնորդը հայտարարեց, թե նախագահի երկրորդ քառամյա ժամկետի համար պայքարում է ոչ թե անձնական ժառանգության, այլ իր ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ասաց, որ չէր ցանկանա սկսածը կիսատ թողնել՝ սկսած գործերի շարքում հիշատակելով նաև Ռուսաստանի հարձակմանը դիմակայող Ուկրաինային ցուցաբերվող վճռորոշ աջակցությունը, որը Թրամփը սպառնում է կրճատել կամ դադարեցնել ընտրվելու դեպքում։

Մոտ մեկ ժամ տևած ասուլիսի ընթացքում Բայդենին ուղղված հարցերի մեծ մասը, սակայն, նախընտրական գործընթացների մասին էին, որոնց արձագանքելով՝ Սպիտակ տան ղեկավարը ամեն կերպ փորձում էր փարատել մտահոգությունները, համոզել, որ ինքն առողջական վիճակում է։

Այդ հավաստիացումները, այդուհանդերձ, քիչ անց կասկածներ հարուցեցին։ Լրագրողի հարցին՝ արդյոք փոխնախագահ Քամալա Հարիսը պատրաստ է անհրաժեշտության դեպքում առաջադրվել նախագահի պաշտոնում, Բայդենը հերթական լեզվի սայթաքումը թույլ տվեց. - «Ես չէի ընտրի փոխնախագահ Թրամփին փոխնախագահի պաշտոնի համար, եթե չկարծեի, որ նա բավարար պատրաստված է նախագահի համար»։

Այս վրիպակի տեսանյութը կայծակնային արագությամբ հայտնվեց Թրամփի սոցիալական ցանցի էջերում՝ «Գերազանց աշխատանք է, Ջո» գրառմամբ։

Հարիսի անվան հետ կապված շփոթմունքը երեկվա միակ միջադեպը չէր: Ասուլիսից առաջ ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում էլ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանեց հակառակորդ երկրի ղեկավարի անունով՝ ներկայացրեց որպես «նախագահ Պուտին». - «Այժմ ես ցանկանում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով նույնքան խիզախություն ունի, որքան՝ վճռականություն։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»։

Բայդենը, ով նախկինում էլ է անուններ շփոթել հրապարակային խոսքում, երեկ անմիջապես հասկացավ վրիպակը և շտապեց հարթել իրավիճակը, սակայն այս օրերին, երբ շատերի ուշադրությունն է կենտրոնացած նրա ելույթների վրա, նման միջադեպերն է՛լ ավելի են սրում նրա առողջական վիճակի, տարիքային բարդությունների, ճանաչողական կարողությունների շուրջ մտահոգությունները։

Անցած ամիս նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճից հետո, որը շատերի գնահատմամբ աղետալի էր, Բայդենի մերձավոր թիմակիցները՝ այս պահի դրությամբ Ներկայացուցիչների պալատի առնվազն 16 անդամներ Դեմոկրատական կուսակցությունից, կոչ են անում նրան դուրս գալ մրցավազքից և տեղը զիջել այլ թեկնածուի։ Այս արշավին միացել է նաև Դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի խոշորագույն կազմակերպիչ, հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին։

Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շնայդերը, որը նույնպես միացել է քարոզարշավը լքելու՝ Բայդենին ուղղված կոչերին, CNN-ի եթերում երեկ հայտարարում էր, որ ասուլիսից հետո էլ իր դիրքորոշումը չի փոխվել. - «Ես կարծում եմ, որ նախագահը գերազանց կատարել է իր աշխատանքը, նա ցույց տվեց, որ տիրապետում է հարցերին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Բայց հարցն այն է, ինչպես արդեն ասվել է, որ մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ ամեն օր պետք է շունչներս պահած լինենք՝ լինի դա մամլո ասուլիս, բանավեճ, թե հանրահավաք»:

Դեմոկրատական կուսակցությունը մեկուկես ամիս ունի մինչև Չիկագոյի օգոստոսյան համագումարը, որի ընթացքում էլ նախատեսված է պաշտոնապես առաջադրել նախագահի թեկնածուին։ Հարիսից բացի Բայդենին փոխարինող հնարավոր մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ Կալիֆորնիայի դեմոկրատ ղեկավար Գևին Նյուսոմը, որը մինչ այս պահը հրապարակավ խոսել է բացառապես նախագահին իր անմնացորդ նվիրվածության, կուսակցության ներսում միասնականության անհրաժեշտության մասին։

«Ես երբեք երես չեմ թեքի նախագահ Բայդենից: Երբեք։ Ես չգիտեմ իմ կուսակցությունում որևէ դեմոկրատի, ով կանի դա», - վստահեցրել է Նյուսոմը:

XS
SM
MD
LG