Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար», - շեշտել է ԱՄՆ առաջնորդը։
Միացյալ Նահանգները կոչ է անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել բոլոր ընտրական խախտումների վերաբերյալ, ինչպես նաև չեղարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը, Բայդենի ներկայացմամբ, սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունները։ Այս օրենքն ընդունվեց՝ չնայած բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքի զգուշացումներին։
Ջո Բայդենը նաև կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ վերականգնելով ընտրությունների ամբողջականությունը։
Խորապես անհանգստություն հայտնելով Վրաստանի «վերջին ժողովրդավարական հետընթացի» առնչությամբ՝ Նահանգների նախագահը կոչ է արել բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք «շարունակում են հիմք հանդիսանալ Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար»։
- Վրաստանի ԿԸՀ տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, 4 ընդդիմադիր ուժ է անցել խորհրդարան, որոնք, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
- 150-հոգանոց նոր գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ը 89 տեղ կունենա, ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների դաշինք»-ը՝ 19, նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությունը՝ ևս 16 մանդատ։ Խորհրդարանում ներկայացված կլինեն ևս երկու ուժեր՝ մեծահարուստ Մամուկա Խազարաձեի «Հզոր Վրաստան» և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունները՝ համապատասխանաբար 14 և 12 մանդատներով։