Մատչելիության հղումներ

Բաթումիում ծեծի է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան


Վրաստան - Հարձակման ենթարկված Գիորգի Գախարիան, Բաթումի, 15-ը հունվարի, 2025թ.
Վրաստան - Հարձակման ենթարկված Գիորգի Գախարիան, Բաթումի, 15-ը հունվարի, 2025թ.

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում ծեծի է ենթարկվել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան, որը Բաթումի էր մեկնել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամագլոբելիի դատավարությանը մասնակցելու համար: Ծեծկռտուքից հետո նա տեղափոխվել է տեղի հիվանդանոցներից մեկը:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ կոտրել են Գախարիայի քիթը, նա նաև ուղեղի ցնցում է ստացել։ Գախարիան բուժզննում է անցել, ապա իր կամքով դուրս գրվել: Ներքին գործերի նախարարությունը հարձակման փաստով հետաքննություն է սկսել:

Այսօր Գախարիան Ֆեյսբուքում գրել է, որ իրեն լավ է զգում, և շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Աջակցության կարիք առաջին հերթին ունեն ապօրինաբար բանտարկվածները: Մնացածի մասին կտեղեկացնեմ ավելի ուշ», - գրել է ընդդիմադիր գործիչը:

Նախկին պաշտոնյայի վրա հարձակման պատճառի մասին չի հաղորդվում: «Մթիս Ամբեբի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, որը ներկա է եղել միջադեպին, Ֆեյսբուքում մանրամասներ է ներկայացրել՝ պնդելով, որ Գախարիային ծեծել են իշխող ուժի՝ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները:

«Բաթումիում՝ «Շերատոն» հյուրանոցում, ռուսական ռեժիմի ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Սամխարաձեն, Աջարիայի էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեն և այլք հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա, որը կանգ էր առել նույն հյուրանոցում», - ասել է Մթիվլիշվիլին:

Ներքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը դեռ չի հաստատել:

«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Նատիա Մեզվրիշվիլին պնդել է, թե ապացույցներ կան, որ տարածքը, որտեղ հարձակվել են Գախարիայի վրա, դիտմամբ չի տեսահսկվել, իսկ ոստիկանությունն ուշ է ժամանել դեպքի վայր:

«Ես խոսել եմ քննիչի հետ ... նրանց շահերից է բխում, առգրավել տեսախցիկների ձայնագրությունները: Ապացույցների ոչնչացումն արդեն ակնհայտ է։ Ուստի նրանք պետք է սա էլ հետաքննեն ու ապացուցեն, որ իրենք չեն ոչնչացրել», - հայտարարել է Մեզվրիշվիլին:

Լրագրող Զվիադ Կորիձեն, որը նույնպես եղել է «Շերատոն»-ում, իր հերթին հայտնել է, որ հյուրանոցում նույն մարդիկ՝ իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Դիմիտրի Սամխարաձեն և նրան ուղեկցողները, հարձակվել են նաև իր վրա:

Լրագրողը պատմել է, որ հյուրանոցի միջանցքում է եղել, երբ պատգամավոր Սամխարաձեն մոտեցել է, ասել, որ ճանաչել է իրեն ու սկսել է հայհոյել, հետո ևս մի խումբ մարդիկ են միացել պատգամավորին ու հարվածներ են հասցրել Կորիձեին, որոնց հետևանքով վերջինս մարմնական թեթև վնասվածքներ է ստացել: Լրագրողն օգնություն է խնդրել հյուրանոցի անվտանգության ծառայողից, որն էլ նրան ուղեկցել է իր համարը:

Վրաստանի և օտարերկրյա մի շարք գործող և նախկին պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ դատապարտել են այս հարձակումները:

Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին նաև քննչական ծառայություններին կոչ է արել բացահայտել մեղավորներին, օպերատիվ և լիարժեք իրականացնել բոլոր քննչական և դատավարական գործողությունները:

«Հանրային պաշտպանը կարևոր է համարում անհապաղ արձագանքել այս փաստերին՝ քաղաքական գործիչների և լրագրողների վրա հարձակումները չխրախուսելու համար», - հայտարարել է Իոսելիանին:

Հարձակումներին անդրադարձել է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հայտարարելով, որ իշխանությունները նոր տարում բռնաճնշումների նոր ալիք են սկսել, որոնք մեկ նպատակ ունեն՝ կանգնեցնել չդադարող բողոքի ակցիաները: Ըստ նրա՝ ռուսական ռեժիմի ազդեցության տակ գտնվող Վրաստանը թևակոխել է նոր փուլ, երբ օգտագործվում են բոլոր միջոցները, որոնք բնորոշ են պուտինյան Ռուսաստանին:

«Այն, ինչ կատարվեց Գիորգի Գախարիայի հետ, նույնպես բացարձակապես աներևակայելի է։ Չեմ ուզում առանձնացնել քաղաքական գործիչներին և այլոց, սա վերաբերում է բոլորին: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը հանդուրժելի չէ: Հասարակությանը վախեցնելու այս փորձն անընդունելի է», - ընդգծել է Զուրաբիշվիլին:

Նախկին նախագահը նաև ասել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ամբողջ տեղեկությունը կփոխանցվի միջազգային հանրությանը և Վրաստանի գործընկերներին։

Վրաստանում այսօր բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների աշխատողներ գործադուլ են արել՝ պահանջելով խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված բոլոր քաղաքացիներին:

Անցած տարի խորհրդարանական ընտրությունները կեղծելու և հակակառավարական ցույցերի ժամանակ մարդու իրավունքները համատարած խախտելու համար Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը երեկ հրատապ բանաձև է ընդունել, որով Եվրամիությանն ու անդամ երկրներին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության նկատմամբ, չճանաչել «Վրացական երազանք»-ի իշխանությունը երկրում, կուսակցության ներկայացուցիչներին չհրավիրել միջազգային պաշտոնական միջոցառումներին և չճանաչել «Վրացական երազանք»-ի լիազորությունները Խորհրդարանական վեհաժողովում:

XS
SM
MD
LG