Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակոցներ արձակելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշում է ՀՀ ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե իբր կրակոցներն արձակվել են Լաչինի դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ՊՆ-ն նաև հիշեցրել է, որ Երևանն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։