Մատչելիության հղումներ

Միրզոյան. «Այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

«Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին, Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր ելույթ ունենալով Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում:

«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն և տարածաշրջանային առաջընթաց», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:

«Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, և այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա», - ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Միրզոյանը շարունակելով. - «Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը՝ ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք. Ալմա-Աթայի հռչակագիրը վերահաստատեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել են երկու անկախ հանրապետությունների միջև միջազգային սահմաններ: Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը»:

«Հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում մենք Ադրբեջանին ներկայացրել ենք կոնկրետ, փոխշահավետ առաջարկներ տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որոնց իրականացման արդյունքում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ապրանքներ փոխադրել միմյանց երկաթուղային ենթակառուցվածքով։

Բացի այդ, տարածաշրջանային կայունության և կանխատեսելիության ապահովման նպատակով, մենք ներկայացրել ենք սպառազինությունների փոխադարձ վերահսկման և ստուգման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

«Ցավոք», - շարունակել է նա, - «մենք չենք կարող փաստել, որ մեր կառուցողական մոտեցումը լիովին փոխադարձվում է Ադրբեջանի կողմից։ Ավելին, մենք շարունակում ենք լսել բարձր մակարդակի հրապարակային հայտարարություններ և նարատիվներ, որոնք ենթադրում են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեմ տարածքային պահանջներ՝ ներառյալ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջոցով»։

«Միևնույն ժամանակ, դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է՝ պահվող անձանց ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում՝ անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Ամբողջական կարգավորման և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասարակություններին պատրաստել հաշտեցման», - հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանը նաև ներգրավված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, նշել է նախարարը: «Մենք վստահ ենք, որ լիարժեք կարգավորումը, հատկապես այս պահին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, էապես կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Մենք շարունակում ենք այս երկխոսությունը և գործնական քայլեր ենք ձեռնարկել։ Նաև պայմանավորվել ենք համատեղ վերականգնել Անիի կամուրջը, որը երկու երկրների ընդհանուր սահմանին գտնվող նշանավոր պատմական վայր է: Սա լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ և վերացնում օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։ Մենք նաև պայմանավորվել ենք բացել սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար, թեև վերջիններս դեռ կյանքի չեն կոչվել։ Իրագործվելուց հետո այս համաձայնություններն օգուտ կբերեն ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին, քանի որ ապաշրջափակված տրանսպորտային ուղիները կծառայեն որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության վճռորոշ գործոն», - հայտարարել է նախարարը:

Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը «նպատակ ունի ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները՝ հիմնվելով ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»։

«Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում՝ վերանորոգված և նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի և էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման և բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG