Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին հրադադարը խախտելու մեղադրանքներ է հնչեցնում, Երևանը՝ հերքում


Բաքվի պնդումը չի համապատասխանում իրականությանը, փոխանցում են ՀՀ ՊՆ-ից։

Բաքուն կրկին հաղորդում է, թե ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-ից մինչև 22:30-ը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի և Վերին Շորժայի դիրքերից կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ադրբեջանական կողմը պատասխան միջոցներ է ձեռարկել»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը ինչպես նախորդ օրերին, այսօր ևս հերքել է Բաքվի հերթական հաղորդումը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային գյուղերից երեկ «Ազատության»-ը փոխանցել են՝ ադրբեջանական զինուժն է դարձյալ ակտիվացել։ Մարտի 31-ին Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունից ասում են՝ հաղորդում են այն խախտումները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցնում է՝ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Ռազմական գերատեսչությունը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG