Բաքուն անընդունելի է որակել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և COP29-ի այլ մասնակից երկրների քննադատություններն ու մեղադրանքներն ուղղված Ադրբեջանին։
Սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Բերբոքը, կարծես, «շփոթել է Գերմանիայի գալիք ընտրությունները որպես ներքին քաղաքականություն չափազանց բարդ բազմակողմ դիվանագիտության հետ՝ հավանաբար փորձելով օգտագործել COP29-ը որպես հարթակ իր նախընտրական քարոզարշավի համար»:
Գերմանիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է հանածո վառելիք արտահանող մի քանի պետությունների աշխարհաքաղաքական ուժային խաղի մեջ:
«Մենք թույլ չենք տա, որ առավել խոցելի երկրները, հատկապես փոքր կղզիները, կործանվեն հանածո վառելիքի նոր մի քանի հարուստ, արտանետող երկրների կողմից, որոնք այս պահին, ցավոք սրտի, ունեն COP նախագահության աջակցությունը», - ասել էր նախարարը և հավելել՝ այն, ինչ տեսնում են Բաքվում, հանածո վառելիք արտահանող հին աշխարհի վերջին կանգառն է, և այժմ անհրաժեշտ են կոալիցիաներ տարբեր մայրցամաքներում կլիմայական արդարությանը, կլիմայի կենսունակ ֆինանսավորմանը հասնելու համար։
Այսօր գիշերը COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։ Գործարքը, սակայն, ոչ բոլորն են գոհացուցիչ համարել։