Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության մեջ ընդգծել է, թե ականի հերթական պայթյունից երեկ Ադրբեջանի 4 քաղաքացիներ են ծանր վիրավորվել, այդ թվում՝ երեխաներ։ Այսօր էր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են ականի պայթյունից սահմանապահի զոհվելու մասին։
«2020-ի պատերազմից ի վեր ականների պայթյունների հետևանքով 392 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ զանգվածային ականապատման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը, ինչպես նաև Ադրբեջանի ականազերծման ջանքերը», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։
Անցած շաբաթ Բաքուն կրկին պնդեց, թե Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս՝ պահանջելով Երևանից «ճշգրիտ քարտեզներ»։
Պաշտոնական Բաքվի հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ արեց «ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար»։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շոշափելի քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությունից վեց օր անց 32 գերիներ հայրենադարձվեցին Հայաստան։
Պաշտոնական Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին, սակայն Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է՝ շեշտելով՝ վերջին տարիներին ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի են ունեցել այն տարածքներում, որոնց վերաբերյալ Հայաստանը քարտեզներ չի տրամադրել։ Երևանն էլ արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան և որ Հայաստանն ինչ քարտեզ ու տեղեկություն ունեցել է, արդեն փոխանցել է Բաքվին։