Մատչելիության հղումներ

Բաքուն բանակցությունները ձգձգում է, քանի որ դա ծառայում է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին. Կիրակոսյան


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններ չկան, սրանք բավական բարդ ու ցավոտ բանակցություններ են, «Ազատության» հետ զրույցում ասաց տարածաշրջանային քաղաքականության և անվտանգության վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։

«Երկրորդ՝ շատ քիչ գործընթաց կա, և ակնհայտորեն խաղաղություն չկա, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանը հապաղում է ու ձգձգում բանակցությունները։ Մենք ունեցել ենք մի քանի ակնկալվող վերջնաժամկետ խաղաղ պայմանագրի կնքման համար», - ասաց նա։

Դրանցից վերջինն, ըստ Կիրակոսյանի, նոյեմբերին Բաքվում COP29-ի համաժողովն էր։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի այս մաքսիմալիստական դիրքորոշմանը հավատարիմ մնալու և բանակցությունները ձգձգելու պատճառն այն է, որ դա ծառայում է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին ու լեգիտիմության բացակայությանը, քանի որ ադրբեջանական ռեժիմին հակամարտություն է պետք, և նա ցանկանում է թշնամի ունենալ։ Իսկ այժմ, երբ Սիրիայում Ասադների ռեժիմը տապալվեց, իսկ այնտեղ նույնպես իշխանությունը հորից որդուն էր անցել ժառանգաբար, Ադրբեջանում պարանոյան ավելացել է», - հավելեց վերլուժաբանը։

Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց՝ պետք է ակնկալել, որ բանակցությունները կշարունակվեն, բայց Բաքուն իր մոտեցումներում մնում է համառ և առավելապաշտական։

Հայ-ադրբեջանական բանակցությունների 3-րդ տարին ավարտվեց առանց խաղաղության պայմանագրի։ Տարվա մեջ 2 անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին, 5 անգամ՝ արտգործնախարարները, 5 անգամ էլ Երևանն ու Բաքուն նախագծի խմբագրումներ փոխանակեցին, բայց խաղաղության պայմանագիրը չկնքվեց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG