Եվս երեք ամիս բանտում կանցկացնի ահաբեկչության փորձի մեղադրանքով արդեն հինգ ամիս կալանքի տակ գտնվող Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Այսօր էլ բարձրաստիճան հոգևորականն ու նրա փաստաբանները հայտարարեցին, թե Գալստանյանի ու նրա հետ նույն օրը կալանավորված ավելի քան մեկ տասնյակ անձանց նկատմամբ մեղադրանքները կեղծ են, ու որ նրանց կալանքի տակ պահելու որևէ հիմք չեն տեսնում:
Հանրային մեղադրողը, մինչդեռ, հակառակը պնդեց, թե ըստ մեղադրանքի` հանցավոր խմբի ղեկավարներից Բագրատ Գալստանյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել ու թաքնվել քննությունից:
Դատավորը հիմնավոր համարեց մեղադրողի միջնորդությունն ու անփոփոխ թողեց Գալստանյանի խափանման միջոցը. - «Վերջինիս նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվում է երեք ամիս ժամկետով»:
Այսօր Բագրատ արքեպիսկոպոսն իր խոսքում Քննչական կոմիտեի ղեկավարին մեղադրեց իր նկատմամբ զրպարտության և փաստերի կեղծման մեջ: Հայտարարեց, որ նախատեսում են «հաղորդում ներկայացնել Քննչական կոմիտեի ղեկավարի, գլխավոր դատախազի կամ նրանց մոլորեցնողների նկատմամբ»:
Արդեն հինգ ամիս ծանր մեղադրանքով բանտում անցկացնող Գալստանյանը երկու դրվագ առանձնացրեց իր դեմ հարուցված քրեական վարույթից. - «Մեկը՝ կապված այդ չարաբաստիկ գյուլլելու երկու հոգու և 15 հոգու բանտ դնելու պատմության հետ. ակնհայտորեն իրենք խուսափում են էդ թեմային անդրադառնալ: Երկրորդը՝ որ իբր իմ ձեռքով գրված կա «ահաբեկչության պլանավորում» արտահայտությունը, դարձյալ կրկնում եմ՝ իմ ձեռքով գրված: Երկու դեպքով նվազագույնը ասեցի: Մնացածը ինչ որ կա, դեռ դրանք ծաղիկներն են, մնացածը հետո կպարզվի, ամեն բան»:
Գալստանյանը հարց բարձրաձրեց՝ արդյո՞ք իր մեղքը հիմնավորող հիմնական ապացույցը՝ տարածված ձայնագրությունը փորձաքննություն է անցել: Ինչո՞ւ դեռևս իրավապահները որոշ հատվածների մասով նշում են, թե խոսակցությունը լսելի չէ, և հնարավոր չէ վերծանել: Բարձրաստիճան հոգևորականն ուշագրավ մանրամասներ հրապարակեց այն ձեռագիր գրված փաստաթղթից, որն իրավապահներն ահաբեկչության պլան են կոչել. - «Էդ թղթում գրված, որ ես պլանավորում եմ 150 հազարից 250 հազար հոգի գերեվարել Ադրբեջանի տարածքից, Նախիջևանից և Արցախից, ես պլանավորում եմ 40-50 կիլոմետր խորանալ Թուրքիայի տարածք, 24 ժամ անկասելիորեն ռմբակոծել: Հիմա դա հոգեկան խանգարում ունեցող մարդու գրվածք ա՞, թե՞ ոչ, ինձ ինչի՞ են տարել կալանավայր, պետք ա տանեն հոգեբուժարան»:
Գալստանյանը հայտարարեց, թե մեկ շաբաթ առաջ դատաքննության ընթացքում իրեն տարել են Քննչական կոմիտե՝ առանց դատարանի որոշման: Ի՞նչ հարցով, ինչո՞ւ է նախաքննական մարմինը կանչել մեղադրյալին այն դեպքում, երբ նախաքննությունն արդեն ավարտված է:
«Իսկ ինչո՞ւ են կանչել՝ կանչել են, որ ծածկադմփոց անեն իրենց խայտառակ հայտարարությունը, խայտառա՛կ հայտարարությունը: Ես ձեզ ուղղակի ասում եմ՝ այդ տեքստը, որի վրա Քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, որ իմ ձեռքով է գրված, ես հիմա էլ եմ ասում՝ ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ՝ որտեղից է էկել էդ թուղթը, որովհետև այդ թուղթը, ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք էլ սարքել, դրել են մեր պահարանների, կամ որտեղ որ դրել են: Կարող եմ ունենալ էդ կասկածները», - պնդեց բարձրաստիճան հոգևորականը:
Ի վերջո, Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց, թե ամենևին չի պահանջում փոխել իր խափանման միջոցը, ու որ դա նշանակություն չունի իր համար: Միևնույն է՝ շարունակելու է իր պայքարը գործող իշխանությունների դեմ անգամ բանտում. - «Քանի դեռ սրանք իշխանություն են, իմ պայքարը չի դադարելու, չի՛ դադարելու»: Նրա այս խոսքերին դահլիճում ծափերով արձագանքեցին:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ կալանավորված Տիգրան Գալստյանի կալանքը կփոխվի վարչական վերահսկողությամբ ու հեռանալու արգելքով: Այսօր դատարանը այս որոշումը կայացրեց՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Գալստյանի ողնաշարի հիվանդությունները բանտում գտնվելու ընթացքում սրվել են: Նա տեղաշարժվում է բացառապես անվասայլակով:
Քննչականն ամռանը հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը անցած տարի փողոցային պայքարի միջոցով պահանջող Գալստանյանը և նրա համախոհները «Սրբազան պայքար» շարժման անվան տակ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ: Ըստ իրավապահների՝ կարևորը ոչ թե հավաքներն էին, որ շարժումը պարբերաբար կազմակերպում էր, այլ ձևավորվող 25-հոգանոց խմբերը, որոնք տարաբնույթ գործողություններով պետք է ջլատեին կառավարությանը, հասնեին իշխանության յուրացման:
Այս գործով 18 մեղադրյալներից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը: