«Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հունգարական ծառայության հեռարձակումն այսօրվանից դադարեցվում է՝ ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) հրամանով։
ԱՄՆ-ի միջազգային գործակալությունը, որը վերահսկում է «Ազատություն» ռադիոկայանը, «Ամերիկայի ձայնը» և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ հեռարձակողներին, 2025 թվականի նոյեմբերի 5-ին Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի հունգարական ծառայության հեռարձակումը։ Դադարեցումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 21-ից։
Իր լսարանին ուղղված ուղերձում ծառայությունը նշել է, որ իր թիմը «նվիրվածությամբ աշխատել է Հունգարիայի լսարանին անկախ լրագրություն ապահովելու համար»։ Հունգարական ծառայությունը հայտարարել է, որ իր բովանդակությունը «կշարունակի հասանելի լինել առցանց»։
Հունգարական ծառայությունը հիմնադրվել է 1950 թվականին և վերականգնվել 2020 թվականին՝ հունգարացիներին տրամադրելով ճշգրիտ, անկախ նորություններ և տեղեկատվություն։
«Սա անկասկած դժվար պահ է մեր սիրելի գործընկերների համար։ Ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Տիբոր Վովեշին՝ ծառայության ղեկավարման, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանին ավելի քան հինգ տարվա նվիրված ներդրման համար», - ասել է «Ազատություն» - «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը:
«Մենք շնորհակալ ենք մեր լսարանի ուշադրության և մեր գործունեության առաջին օրվանից ցուցաբերած աջակցության համար և պատիվ ունեինք նրանց տրամադրել եզակի և օրիգինալ պատմություններ», - ասել է հունգարական ծառայության ղեկավար Տիբոր Վովեշը։