Մատչելիության հղումներ

Այս տարի մահվան երկրորդ դեպքը բանակում

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

22-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը ինքնասպա՞ն է եղել, թե նրան սպանե՞լ են. երեք օր առաջ քրեական գործ հարուցած իրավապահները դեռ չեն պատասխանում այս հարցին: Քննչական կոմիտեից միայն փոխանցում են՝ վարույթ են նախաձեռնել, թե ինչ հոդվածով, դեռ չեն մանրամասնում: «Ազատության» տեղեկություններով՝ զինվորի մահը ինքնասպանություն է որակվել:

Դավիթ Մանուկյանը Բագրատաշեն գյուղից էր: Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երիտասարդը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում, վերջերս էր ծառայությունից տուն եկել, պատմել, որ ամեն ինչ լավ է բանակում:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հինգ տարով պայմանագիրը կապել էր, երեք տարուց ավել արդեն ծառայում էր: Ատեստացիան անցել էր, բարձր աշխատավարձ էր ստանում», - ասաց Բագրատաշենի վարչական ղեկավարը:

Փոքր քրոջ մեծ եղբայրն էր: Անտոնյանն ասում է՝ գյուղում բոլորն են տարակուսած:

«Հրամանատարներն էլ, բոլորն էլ ասել են, որ ինքը շատ լավ ծառայող, լավ երեխա էր: Գյուղում էլ իրեն ճանաչում են որպես համեստ, խելոք երեխա: Ծնողները նորմալ մարդիկ են, իրանց համար ապրող ընտանիք են, աշխատող», - նշեց վարչական ղեկավարը:

Դավիթ Մանուկյանի մահվան դեպքը երկրորդն է բանակում այս տարվա երկու ամիսներին: Զինված ուժերում վերջին երեք ամիսներին երեք զինվոր է մահացել:

Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին, դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն:

XS
SM
MD
LG