Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ հարձակումներից երկու քաղաքացի է վիրավորվել, կիրակի երեկոյան տելեգրամյան իր ալիքում գրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ բեկորներն ընկել են մասնավոր բնակելի շենքերի վրա։ Շենքերից մեկի պատուհաններն են վնասվել, մյուսինը՝ տանիքը։ Միջադեպի հետևանքով չորսամյա աղջիկ է վիրավորվել։ Նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։
Նշվում է, որ ԱԹՍ զանգվածային հարձակման հետևանքով Իլսկի գյուղում էլ մեկ մարդ է վիրավորվել, իսկ ԱԹՍ բեկորներից գյուղում 12 տուն է տուժել։
ASTRA-ն, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնում է, որ ԱԹՍ-ների թիրախում Իլսկի նավթավերամշակման գործարանն է եղել։ Կրասնոդարի երկրամասում նման օբյեկտները նախկինում էլ են ԱԹՍ հարձակումների ենթարկվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի տարածքում 90 անօդաչու թռչող սարքեր որսալու մասին։ Նշվում է, որ Կրասնոդարի երկրամասում, ենթադրաբար, 24 ԱԹՍ է ոչնչացվել։