Երկուշաբթի առավոտյան Կազանը կրկին ԱԹՍ հարձակման է ենթարկվել։ Թաթարստանի իշխանությունները հայտնել են, որ անօդաչու սարքերը փորձել են գրոհել արդյունաբերական օբյեկտ՝ չհստակեցնելով, թե որ օբյեկտի մասին է խոսքը:
Պաշտոնական տվյալներով՝ բոլոր ԱԹՍ-ները ոչնչացվել են, զոհեր կամ ավերածություններ չկան։
Տեղի բնակիչներն ու հասարակական խմբերը պնդում են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կազանի ավիացիոն գործարանի վրա, որն արտադրում և վերանորոգում է Տու-160 ռազմավարական հրթիռակիրներ, հեռահար ռմբակոծիչներ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։
Նշվում է, որ անօդաչուներից մեկը մխրճվել է գործարանի տարածքում գտնվող դատարկ բաքի մեջ:
Տեղի բնակիչները նաև հաղորդել են, որ մի քանի պայթյուն են լսել Կազանի Ավիաստրոյտելնի, Մոսկովսկի, Կիրովսկի և Նովո-Սավինսկի շրջաններում։ Ավիաստրոյտելնի թաղամասում է գտնվում նաև "Борисоглебское" օդանավակայանը։ ВЧК-ОГПУ-ն պնդում է, որ հարձակման թիրախը եղել են օդանավակայանի վառելիքի բաքերը։
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները։ Ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել նաև Նիժնեկամսկի և Իժևսկի օդանավակայաններում, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռուսական շրջանների վրա 31 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ ԱԹՍ խոցվել է Թաթարստանի երկնքում, 6 ԱԹՍ՝ Կալուգայի շրջանում:
Շրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշանը հայտնել է, որ ԱԹՍ բեկորներն ընկել են Կալուգայի ծայրամասում գտնվող ձեռնարկության տարածքում՝ կրկին չհստակեցնելով, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։