Ինչո՞ւ են Հայաստանի ճանապարհներին նորոգումից կարճ ժամանակ անց տարատեսակ խնդիրներ ի հայտ գալիս: Չէ՞ որ ի վերջո հարկատուների վճարած հարկերից պետական միջոցներ են ներդրվում՝ միլիարդավոր դրամներ, որ որակով ճանապարհ կառուցվի: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունում է, որ այստեղ խնդիր կա, բայց և հավելում՝ վատ աշխատանքի դիմաց գումար չեն վճարում շինարարներին:
Օրերս «Ազատությունն» անդրադարձել էր 7 ամիս առաջ միջին նորոգում անցած Գյումրի- Բայանդուր ճանապարհին, որ վրա արդեն փոսեր ու կարկատաններն են:
Շինարարը՝ «Եվրոասֆալտ» ընկերության ճարտարագետն առաջ եկած խնդիրը նախագծի ու հողի գրունտի շերտի հետ էր կապել: Իսկ մոտ 10 կմ հատվածի միջին նորոգման համար պետական բյուջեից շուրջ 600 մլն դրամ էր հատկացվել: Նախարար Խուդաթյանը խնդրին տեղյակ է, նշեց, որ շինարարն իր միջոցներով կվերացնի թերությունները:
Շինարարական կազմակերպությունների հետ խիստ ենք, պնդում է տարածքային կառավարման նախարարն ու հավելում՝ նոր ստեղծված/ստեղծվելիք պետական լաբորատորիան ու այլ գործիքների կիրառումը որակի խիստ վերահսկողություն կսահմանեն:
Տարածքային կառավարման նախարարը օրերս Շիրակի մարզ էր այցելել անձամբ հետևելու Գյումրիի օդանավակայանի ճանապարհի շինարարությանը: Վերջին անգամ այդ հատվածը նորոգվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին՝ 2013-ի ցուրտ ձմռանը:
«Մենք արդեն ավիաընկերություններից մեկի հետ պայմանավորվածություն ունենք ու պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում առաջիկայում նոր ուղղությամբ, որը մեծ հավանականությամբ եվրոպական ուղղություն կլին, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կմեկնարկեն նաև այդ ուղղությամբ չվերթները», - ասաց Խուդաթյանը:
Թե որ ավիափոխադրողն է ու դեպի որ քաղաքներ են թռիչքներ լինելու, պաշտոնյան չմանրամասնեց: Շիրակ օդանավակայանից այժմ թռիչքներ են իրականացվում միայն դեպի Ռուսաստանի մի քանի քաղաքներ:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.