«Նույն մեքենայով ընտանիքի ամբողջ կազմով Հակարիի կամուրջն անցել, Արցախից Հայաստան ենք եկել։ Ինչպե՞ս է, որ ամուսինս փախստական է, ես ու երեխաներս՝ Հայաստանի քաղաքացի»,- արցախցի Մերի Ղարայանն այս հարցի պատասխանն է ուզում ստանալ վարչական դատարանում։
Մերին Գորիսում է ծնվել, բայց 20 տարի ապրել Արցախում, նրա երկու երեխաներն այնտեղ են ծնվել, կապույտ և Արցախի 070 կոդով անձնագիր ունի ճիշտ ամուսնու պես։
Նրա փաստաբան Իրմա Ճաղարյանը մեջբերում է Միգրացիայի ծառայության հիմնավորումը. - «Կարգավիճակի տրամադրումը մերժում են այն անձանց, ովքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Միակ հիմնավորումն է, որը դրվել է թե մերժման որոշման հիմքում, թե իրենց առարկությունների հիմքում»։
Մեկ այլ արցախցի՝ Անուշ Ալեքսանյանը Մարտակերտի Չլդրան գյուղից՝ դարձյալ կապույտ անձնագրով էլի վարչական դատարան է դիմել, որ ի վերջո պարզի, թե որտեղի քաղաքացի է. - «Տարբեր առիթներով ասում են՝ պասպորդ փոխի, դարձրու Հայաստանի Հանրապետության, որ գրանցենք։ ՀՀ քաղաքացու անձնագիր է՝ 070 կոդով, ես գտնում եմ, որ դա մինչև 2030 թիվն ուժի մեջ է, և իրենք անօրեն կերպով են ինձ պարտադրում, դրա համար դիմել եմ դատարան։ Ղարաբաղցիները բա որ երկրի քաղաքացիներ են՝ չեն կարողանում պատասխանել»։
Նրա գործն էլ Գեղարքունիքի դատարանն է քննում։
Հայաստանի անձնագրերով արցախցիները ո՞ր երկրի քաղաքացի են. այս հարցի կառավարական պատասխանը վերջին տարիներին փոխվել է մի քանի անգամ։ 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութից, Շուշիից տեղահանվածները փախստականի կարգավիճակ էին պահանջում, Միգրացիոն ծառայությունը հակադարձում էր՝ դուք Հայաստանի քաղաքացի եք, ու նույն երկրի քաղաքացին նույն պետությունից կարգավիճակ հայցել չի կարող։
Հետո մեծ տեղահանումն էր մեկ տարի առաջ։ Այդ ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե այդ կապույտ անձնագրերը ճամփորդելու համար են, արցախցիները Հայաստանի քաղաքացի չեն, փախստականի կարգավիճակ կարող են ստանալ կամ դառնալ Հայաստանի նոր քաղաքացիներ։
Արցախցիները հիմա փորձում են դատական ճանապարհով պարզել՝ ի վերջո եթե քաղաքացի չեն, ուրեմն բոլորով քաղաքացի չեն, եթե քաղաքացի են՝ էլի բոլորով են։ Փաստաբան Ճաղարյանն այն, ինչ տեղի է ունեցել օրինակ՝ Մերիի ընտանիքի դեպքում, խտրական մոտեցում է համարում։
Արցախցի Արթուր Ահանյանը դատարան էր եկել որպես 3-րդ կողմ ներգրավելու ցանկությամբ։ ՀՀ կապույտ անձնագրով մի անգամ փորձել է Վրաստան գնալ, թույլ չեն տվել, ստիպված, ասում է, փախստականի կարգավիճակ ստացա։ Բայց, ցանկանում է, որ վարչական այս գործի շրջանակում ի վերջո պարզաբանվի շուրջ մեկ տարի իրենց հուզող հարցը
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, սակայն, Արթուր Ահանյանին ոչ որպես երրորդ կողմ, ոչ էլ որպես վկա չներգրավեց գործում, բացատրեց՝ այս դատաքննության հիմքում Մերի Ղարային կարգավիճակ շնորհելու հարցն է քննվելու։ Փաստաբանը, սակայն, վստահ է՝ Ահանյանի դեպքը շատ լավ է ցույց տալիս տարբերակված մոտեցումը։
Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը նիստից հետո հարցերի չպատասխանեց։ Վարչական երկու գործեր՝ մեկը Երևանում, մյուսը Գեղարքունիքում նոր մտել են դատաքննության փուլ։ Արցախցիների քաղաքացիության հարցով առաջին գործերն են սրանք։