2023 թվականի բռնագաղթից հետո Դիլիջանում հաստատված արցախցիների նոր կյանքը դեռ հունի մեջ չի մտնում: Օքսանա Շահամիրյանի ընտանիքը ստիպված էր Արցախում թողնել ամեն ինչ՝ տունը, այգիները, մեքենաները, աշխատանքն ու կյանքի մի ամբողջ պատմություն:
2023-ին ամուսնու, նրա ծնողների ու երկու երեխաների հետ են անցել այդ պահին անհնար թվացող Հակարիի կամրջի անցակետը, որ ադրբեջանցիներն էին տեղակայել:
Արդեն երեք տարի է՝ ընտանիքն ապրում է Դիլիջանում: Պետությունից ստացել են 20 միլիոն դրամի բնակարանի գնման վկայագիր, սակայն երեք ամիս է՝ չեն կարողանում գնել ընտրված տունը: Առողջական խնդիրներ ունեցող սկեսրոջ փոխարեն ստորագրելու իրավունք ստանալու համար դեռ պիտի դատարաններով անցնեն, որոշման սպասեն:
Ամեն ավելորդ օրը վարձով տան մեջ նոր ծախս է: Վարձավճարները բարձր են, աշխատավարձը՝ ցածր: Հացի արտադրամասում աշխատանքի դիմաց Արցախում ավելի շատ էին վարձատրվում, այստեղ ընտանիքի վաստակածը հազիվ է հերիքում:
Սևակ Հարությունյանը ընդամենը 25 տարեկան էր, երբ բռնագաղթեց: Նրա հիշողության մեջ ևս դեռ թարմ է գաղտնիքի ծանր՝ եռօրյա ճանապարհը, որն անցել են պարտադիր վերադառնալու անթաքույց հույսով:
Երիտասարդ ամուսինների փոքրիկը Հայաստանում է ծնվել: Հիմա քաղաքացիություն ստանալու դեռևս չավարտված գործընթացի մեջ են: Անձնագրերն ստանալուն պես նաև պետության հատկացրած 12 միլիոն դրամի վկայագիրը կստանան: Այդուհանդերձ, երիտասարդ հայրն անկեղծանում է՝ այդ գնով երեք հոգանոց ընտանիքի համար առանց վարկային բեռի տակ մտնելու անհնար է բնակարան գտնել:
Արցախում թողած հացի արտադրամասի փոխարեն այստեղ նորն է հիմնել, բայց ծավալները համեմատելի չեն: Այնտեղ օրական 20 պարկ ալյուր էին հաց դարձնում, այստեղ ընդամենը 1-2-ը:
Բարձր ամբիոններից հնչող խաղաղության հայտարարություններին արցախցիները հետևում են լռությամբ ու սպասումով: Տասնամյակներով տեսածն ու զգացածը թույլ չեն տալիս փարատել տագնապը, թե մի օր սահմանի հակառակ կողմից կրկին կրակոցներ չեն հնչի:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում