Արցախցիների կենսաթոշակային խնայողությունները կտեղափոխվեն Հայաստան, այստեղի կուտակային ֆոնդեր։ Խորհրդարանն է շուրջ երկու շաբաթ առաջ օրենքի փոփոխություն արել։
«Հայտարարել են, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չենք, բայց մյուս կողմից էլ մեր գումարները որոշում է Հայաստանի կառավարությունը տնօրինել ինչպես ինքն է ճիշտ համարում», - ասաց «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավագիմյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի խնդիրը արցախցիները բարձրացնում էին տեղահանումից հետո։ Նրանք պահանջում էին իրենցից գանձված գումարները հետ ստանալու հնարավորություն կամ գոնե իրենք որոշեն՝ փողն ստանան, թե շարունակեն կուտակել ծերության համար։
Ստեփանակերտցի Արմինե Ավագիմյանը, որ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիրն է, մի շարք անպատասխան հարցումներ է ուղարկել Կենտրոնական բանկից մինչև Արցախի իշխանավորներ։ Ինքն էլ մեկուկես միլիոն ունի կուտակած և իր նման շուրջ 35 հազար արցախցի՝ ինչպես են իրենց փոխարեն որոշել, թե ինչ անեն իրենց փողը:
«Նախաձեռնել ենք ստորագրահավաք մոտ 800 հոգի արդեն մեր կենտրոնին դիմել են այն պահանջով, որ հետ ենք պահանջում այս գումարները կամ առնվազն ճակատագիրն ուզում ենք հասկանալ ինչ է լինելու», - նշեց Ավագիմյանը:
Ուշագրավ է այն, որ Արցախի կուտակային գումարները տեղափոխելու Հայաստանի իշխանության որոշմանը նախորդել է Արցախի իշխանության լրիվ հակառակ մի որոշում այս տարվա հունվարին՝ կուտակայինի մասնակիցները, եթե ուզում են իրենց գումարները կարող են հետ ստանալ, եթե չեն ուզում թող շարունակեն կուտակել: Նույնիսկ ժամկետ են ֆիքսել՝ 9 ամսում հետ կստանան:
«Այս օրենքն, ըստ էության, խախտել է նաև արցախցիների սեփականության իրավունքը»
Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը չի առարկել։
«Առնվազն պետք է հնարավորություն ստեղծել մարդուն՝ ինքն ընտրի, թե իր կուտակած գումարներն ի վերջո փոխանցում է Հայաստանում գործող կուտակային ֆոնդին, թե ստանում է: Կենսաթոշակը մարդու սեփականությունն է և այս օրենքն, ըստ էության, խախտել է նաև արցախցիների սեփականության իրավունքը էդ մասով», - ընդգծեց Գեղամ Ստեփանյանը:
Արցախի լուծարված իշխանությունն ինչպե՞ս է որոշում կայացրել:
«Մենք համարում ենք, որ Արցախի կառույցները լուծարված չեն, իսկ Հայաստանը համարում է, որ լուծարված են: Ամեն ինչ գալիս է այդտեղից, դրա համար Արցախի Ազգային ժողովի կողմից որոշվող օրենքի մեջ կատարված փոփոխությունը Հայաստանն ընդհանրապես մի քիչ բանի տեղ չի դնում», - հայտարարեց Ստեփանյանը:
Իշխանական պատգամավորը վստահ է՝ արդարացի լուծում են գտել
Խորհրդարանի աշխատանքի ու սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը վստահ է՝ արդարացի լուծում են գտել, տեղահանված արցախցիները երաշխավորված կենսաթոշակ կունենան այստեղ՝ Հայաստանում։
«Ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին կունենա երաշխավորված կենսաթոշակ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացին կունենա, շարունակաբար մուծումներ կատարելով իր ֆոնդերում որպես մասնակից կստանա իր երաշխավորված կենսաթոշակը», - նշեց Տիգրանյանը:
Կուտակայինի գումարները կանխիկացնելը կառավարությունը նպատակահարմար չի գտել, շեշտում է իշխանական պատգամավորը, Հայաստանում էլ կան մարդիկ, որ կուզեն այսօր ստանալ այդ փողը, ոչ թե թոշակի անցնելուց հետո:
«Մենք վատ նախադեպ կստեղծեինք, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք էլ շատ են մեզ դիմում՝ այս կամ այն սոցիալական խնդիրը լուծելու համար թույլ տալու օգտվել իրենց ֆոնդերում կուտակված գումարներից: Սա կնշանակեր ուղղակի երկակի մոտեցում՝ մի դեպքում թույլ ենք տալիս կանխիկացում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում արգելում ենք», - ասաց նա:
Արցախի օմբուդսմենն էլ նշում է. - «Երբ որ պետք է համեմատականը տանում են էստեղի հետ, այսինքն, իմ կարծիքով, սա մանիպուլյացիա է, շատ հստակ»:
Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ բազմաթիվ արցախցիների այդ փողը հիմա է պետք, մարդիկ, ասում են, սրանից վատ վիճակ չի լինելու, պատմում է Ստեփանյանը։ Հերիքնազ Տիգրանյանի հակադարձմամբ՝ պետությունն օրվա սոցիալական խնդիրների համար ծրագրեր ունի, կուտակայինի փողը ապագայի ապահովության համար է:
Արցախցիներն իրենց կուտակած գումարների տեղափոխման հարցը փակել մտադիր չեն
Արցախցիներն իրենց կուտակած գումարների տեղափոխման հարցը փակել մտադիր չեն, դատական ճանապարհով են գնալու. - «Արհամարհելով մեր տեսակետը, որևէ ներառականություն չապահովելով հարցի լուծման հետ կապված, հավանաբար մենք դատական կարգով ենք փորձելու այս խնդրին անդրադառնալ՝ ընդհուպ մինչև միջազգային դատարան»:
Արմինե Ավագիմյանի դժգոհությունը միայն Հայաստանի իշխանությունից չէ, Արցախի վերնախավն էլ, ըստ նրա, կուտակայինի հարցում մութ գործարքներ ունի. 23 թվականի ապրիլից մինչև տեղահանման սեպտեմբեր քաղաքացիներից պահված գումարները կենսաթոշակային ֆոնդեր չեն մտել, պնդում է նա:
«Մենք չենք հասկանում ինչ եղանակներով, ինչ ձևաչափով ու ինչ իրավունքով Արցախի կառավարությունը մարդկանցից, համակարգի աշխատակից մասնակիցներից գանձել է այդ գումարները, բայց այդպես էլ չեն փոխանցել այդ ֆոնդեր», - ընդգծեց Ավագիմյանը:
Արցախի վերջին պետնախարար Արամ Սարգսյանից մեկնաբանություն չկարողացանք ստանալ։ Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն չհաստատեց ու չհերքեց, ասաց, որ այդ թեման արցախի խորհրդարանականներն էլ են քննարկել՝ արդեն Երևանում։