Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության կստանան՝ «կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար»․ կառավարությունն է այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում այս նախագիծը հաստատել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025-ի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։
Միջոցառման շրջանակներում կարիքավոր են համարվել այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 հազար դրամից:
Ըստ այդմ՝ «աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 հազար դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 հազար դրամ»: Ծրագրի շահառու կլինի մոտ 3 հազար ընտանիք՝ ընդհանուր 11 հազար 430 անդամով, որոնցից 8 հազար 430-ը երկրորդ կամ հաջորդ անդամներ են։
Օգնությունը չի տրամադրվի այն անձանց, ովքեր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում չեն։
Ծրագրի համար կառավարությունը տարեկան 1 մլրդ 838 մլն 700 հազար դրամ է նախատեսում։ Նշվում է, որ պահանջվող գումարը կտրամադրվի ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի՝ «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:
Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր այս ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվող արցախցիների շրջանակը ու կրճատել աջակցության չափը: Եթե մինչև այս տարվա ապրիլ բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50 հազարական դրամ, և օրինակ՝ 4-5 հոգանոց ընտանիքն գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա ապրիլից արդեն աջակցությունը միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները պետք է ստանան և ոչ թե 50 հազար, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30 հազար դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել էին՝ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր էր և կրճատվելու էր, իսկ ծրագրի նպատակն արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ՝ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր:
Այս որոշումն արցախցիների շրջանում մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել։ Նախարարությունից էլ ասել էին, թե զուգահեռաբար նաև նոր ծրագիր կներդնեն սոցիալապես անապահովների համար, որով կկարողանան աջակցություն ստանալ այն անապահովները, որ դուրս են մնացել բնակվարձի աջակցման ծրագրից՝ դրանով առաջարկելով 40 հազար դրամ աջակցություն տալ անապահով ընտանիքի միայն մեկ անդամին, իսկ մյուսներին՝ 10 հազարական։