Մատչելիության հղումներ

Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել, գործը դեռ դատարան չի հասել


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին Բաքուն նոր մեղադրանք է առաջադրել՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացում, այսօր հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազը, բայց այլ մանրամասներ չի ներկայացրել։ Քամրան Ալիևը կրկին ասել է, որ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, սակայն նյութերը դեռ դատարան չեն ուղարկվել։

Դեռ սեպտեմբերի սկզբին էր Բաքուն հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաները շուտով կկանգնեն դատարանի առջև։ Բոլորը մեղադրվում են ծանր հանցանքների մեջ՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում ու ֆինանսավորում: Եթե դատարանն այդ մեղադրանքները հաստատի, նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում։

«Հիմա քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է: Դա բավականին շատ ժամանակ է պահանջում, քանի որ տուժողները շատ են։ Մեղադրանքները բավականին լուրջ են՝ դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել է Քամրան Ալիևը՝ չհստակեցնելով՝ երբ գործը կհասնի դատարան։

Արցախի վրա անցած տարվա հարձակումից հետո գերեվարվեցին նաև Լեռնային Ղարաբաղի ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով հայտնի երկրի գլխավոր դատախազը կրկին պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործը դատարանը քննելու է «միջազգային չափանիշներին և Ադրբեջանի քրեական օրենսդրությանը համապատասխան»։

«Նրացից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան ու նյութերին ծանոթանալու իրավունք, քանի որ մեղադրանքները բավական լուրջ են», - ասել է Ալիևը:

Այս ամիս ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, սակայն, հայտարարել էր, որ «Ադրբեջանում ընդհանրապես էթնիկ հայերի նկատմամբ չեն կարող իրականացվել անկողմնակալ ու անկախ մարմինների կողմից դատավարություններ»:

Հայաստանն ուղիղ չի կարող ներգրավվել Բաքվում մեկնարկելիք դատաքննությանը, ոչ էլ միջազգային փաստաբանները կարող են արցախցի պաշտոնյաների շահերի պաշտպանությամբ զբաղվել: Միջազգային դատարաններում հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր ավելի վաղ բացատրել, որ Ադրբեջանում դա օրենքով է սահմանափակվում, իսկ ձերբակալվածների շահերի պաշտպանության եզակի ճանապարհը միջազգային հարթակներում հայկական կողմի ակտիվ աշխատանքը պետք է լինի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG