Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը այսօր ևս հիգ ամսով երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը, հաղորդում է APA գործակալությունը։
Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով դատարան էր դիմել Ադրբեջանի պետական ավնտանգության ծառայության քննչական վարչությունը։
Ադրբեջանը նախկին պետնախարարին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման», «պետական սահմանն անօրինական հատելու» և «անօրինական զինված կազմավորումների ստեղծմանը մասնակցելու» հոդվածներով։
Ադրբեջանի Բինագադիի շրջանային դատարանը, բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը, նախօրեին ևս հինգ ամսով երկարաձգեց Արցախի նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊՆ նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքը։ Ավելի վաղ էլ նույն դատարանի որոշմամբ հինգ ամսով երկարաձգվել է նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը։
Արցախի նախկին պաշտոնյաներն ադրբեջանցի ուժայինների կողմից ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել սեպտեմբերյան ռազմական հարձակումից հետո։ Ադրբեջանում նրանք մեղադրվում են մի շարք ծանր հանցանքներում: