Մատչելիության հղումներ

Արթուր Օսիպյանն ազատ արձակվեց, խոստացավ դադարեցնել հացադուլը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.

Արցախցի ակտիվստին ազատ արձակելու պահանջով օրեր տևած նստացույցից, քաղհասարակության մի քանի դիմումներից հետո Դատախազությունը որոշել է 23 օր բանտում հացադուլ անող Արթուր Օսիպյանին կալանքից անհապաղ ազատ արձակել:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ հաշվի են առել հենց քաղհասարակության ներկայացուցիչների երաշխավորությունը և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները:

Որոշումն ուղարկվել է Նուբարաշենի բանտ, Քրեակատարողական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին՝ Օսիպյանն արդեն ազատ է արձակվել:

Այսօր Օսիպյանին այցելել էր մարդու իրավունքների պաշտպանը: Անահիտ Մանասյանը հայտնել է, թե նրան ու մյուս հացադուլավորներին բացատրել է տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու բացասական հետևանքները: Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է, որ քննարկվի այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորությունը:

Ժամեր առաջ էլ արդարադատութան նախարարն էր կարևորել Օսիպյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի», - ասել էր Սրբուհի Գալյանը:

Մինչ արդարադատության նախարարը 23 օր սննդից հրաժարված Օսիպյանի առողջական վիճակը կայուն էր գնահատել, փաստաբանն անհրաժեշտ էր համարել, որ երիտասարդը հիվանդանոց տեղափոխվի, որ բժիշկների հսկողության տակ լինի: Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ նրա վիճակը ծանր է, օրեցօր հյուծվում է, քաշի զգալի կորուստ ունի, բայց չգիտեն, թե օրգաններն ինչ վիճակում են: Որպես բողոքի նշան՝ Օսիպյանն արդեն մեկ շաբաթ է հրաժարվել է նաև բուժզննումից:

«Ինչ անդառնալի փոփոխություններ են եղել օրգանիզմում՝ դա պիտի կոմպլեքս բժշկական ստուգում անցնի, որպեսզի պարզվի, ինչպես նաև պետք է իրեն վերաբերվեն ոչ թե որպես կալանավորի, այլ որպես բուժառուի, քանի որ կալանավորը եթե հացադուլ է իրականացնում,արդեն ձեռք է բերում բուժառուի կարգավիճակ՝ հիվանդի, այսպես ասած», - նշել է փաստաբանը:

Արցախցի տղամարդը բանտում հայտնվեց, երբ Արաբկիրում վարչապետի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին սուր, բայց ոչ վիրավորական հարցերով դիմեց: Ավելին՝ Փաշինյանն ինքը վիրավորեց Օսիպյանին, նրան անվանեց «փախած», անգամ հարցրեց, թե ինչո՞ւ չի զոհվել Ղարաբաղյան պատերազմում. - «Թալանչի անասուններ, դու խի՞ ես կենդանի, դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, այ տականք»:

Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով կալանավորված Օսիպյանը, որպես բողոքի նշան, ձերբակալվելուց հետո հացադուլ հայտարարեց՝ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել, որ իրեն «փախած» է անվանել ու վիրավորել: Փաշինյանը, սակայն, հայտարարել էր, որ Օսիպյա՛նը պետք է ներողություն խնդրի:

Փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արթուր Օսիպյանը չի դադարեցրել հացադուլը:

Այդուհանդերձ, բանտից դուրս գալով՝ Օսիպյանը խնդրել է երաշխավորներին փոխանցել, որ ամենայն հավանականությամբ կդադարեցնի հացադուլը։

Արցախցի ակտիվիստին ազատ արձակելու պահանջով նախագահական նստավայրի դիմաց տասն օրից ավելի նստացույց էին անում Գեղամ Օհանյանը և այլ քաղաքացիներ: Այս տասն օրերի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ մի անգամ հրապարակավ չանդրադարձավ իրենց ուղղված դիմումին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG