Արտախորհրդարանական ընդդիմությունը քննարկումներ է սկսել նոյեմբերին Էջմիածնի ավագանու ընտրություններին հնարավոր մասնակցության շուրջ:
Երեկ հանդիպել են մի քանի ուժեր, մտքեր փոխանակել, բայց որոշում չեն կայացրել: Ինչո՞ւ: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահի խոսքով, այն Էջմիածնի օրակարգով առաջին հանդիպումն էր, որոշում կայացնելու պարտավորություն ու առաքելություն էլ չունեին, պարզապես քննարկել են Էջմիածնի ընտրություններին ընդդիմության հնարավոր մասնակցության հարցը. «Երեկվա հավաքում կոնկրետ ձևաչափ չի եղել, ուղղակի մի քանի կուսակցություն հավաքվել, քննարկել են առանց ձևաչափային պարտավորությունների: Ավելի շուտ մտքեր էինք փոխանակում, թե ներկաներից ով ինչ մարդկային, կազմակերպչական ռեսուրսներ ունի Էջմիածնում: Չէր էլ կարող որոշում լինել, որովհետև ավելի շատ մարդիկ պիտի ծանոթանան մեկը մյուսի հնարավորություններին կամ մասնակցել- չմասնակցելու ցանկությանը»:
Սուրեն Սուրենյանցն «Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց փակ քննարկումից: Ասաց՝ Էջմիածնի ավագանու ընտրություններին ընդդիմադիրների հնարավոր մասնակցության հարցը փակված չէ՝ քանի դեռ պաշտոնական առաջադրումները չեն մեկնարկել, բայց, թե երբ նորից այս հարցը կբերեն օրակարգ, հայտնի չէ, ասաց՝ իրենք այլ ֆորմատներով ևս կապի մեջ են միմյանց հետ:
«Ինչ վերաբերում է մասնակցությանը, ես կողմ կլինեմ ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությանը, այդ պարագայում, թերևս, արժի մեծ դաշինք ձևավորել ընդդիմադիր, որը մրցունակ կլինի իշխանության հետ պայքարում», - ասաց Սուրենյանցը:
Երեկվա հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ «Հայ ազգային կոնգրես»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Դեռ պարզ չէ, թե այս ուժերը նոյեմբերին ընդդեմ իշխանության միասնական դաշինքով հանդես կգան, թե՝ առանձին-առանձին: Սուրենյանցը նաև չբացահայտեց, թե արդյո՞ք փակ քննարկման արդյունքում մարտավարական ու ռազմավարական հակասություններ արձանագրվել են:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատում է՝ ընդդիմադիրների միջև դեռևս չկա համագործակցություն, քննարկումների փուլում են, դրանք էլ բացառապես տեղեկատվության փոխանակման նպատակ ունեն. «Էջմիածնի ընտրությունների վերաբերյալ հաշվի առնելով, որ մեր կուսակցությունը բավականին մեծ փորձ ունի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու, մեր օրակարգում կա այդ հարցը, այս պահին դեռևս վերջնական որոշում չունենք, չենք բացառում, որ նաև դրա շրջանակներում, բայց մենք այլ ուժերի հետ նույնպես բավականին ակտիվ քննարկում ենք, որոնց վերաբերյալ, եթե համագործակցության ինչ-որ արդյունավետ մոդել լինի, բնականաբար, հանրությունը, նաև լրատվամիջոցները կտեղեկանան», - ասաց Մեսրոպ Առաքելյանը:
«Ապրելու երկիրը» վերջին ընտրություններում տպավորիչ հաղթանակ էր տարել Էջմիածնին հարակից Փարաքար համայնքում:
«Ավելի շատ քննարկում ենք Արմավիրի մարզի մեր այլ թիմերի հետ, տարբեր քննարկուներ են լինում կուսակցությունում, դրա շրջանակում էլ որոշակի շփումներ կան այլ ընդդիամադիր ուժերի հետ: Բացառապես ինֆորմացիայի փոխանակման մակարդակի, որևէ էական քննարկում այդ հարցով դեռևս չունենք», - ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Առաքելյանն ասաց՝ այլ ուժերի հետ համագործակցությունը չեն քննարկում բացառապես միասնական մասնակցության ֆորմատով. «Կարևոր է, որ տեղական մակարդակում ՔՊ-ն չունենա իշխանություն, որը նաև 26 թվականից առաջ հանրության մոտ հերթական անգամ մեր այն թեզը, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն, կամրապնդի, մենք այդ ճանապարհով ենք գնում: Որտեղ կարողանում ենք մենք ենք հաղթում, որտեղ չէ, աջակցում ենք, որպեսզի ՔՊ-ն չգա իշխանության»:
Էջմիածնի արտահերթ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին: