Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանի գույքը՝ կալանքի տակ

Լրացված

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան, արխիվ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան, արխիվ

Դատարանն արգելանքի տակ է դրել իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանի գույքը 9 միլիոն դրամի չափով՝ հենց այնքան, որքան իշխանական գործչից պահանջում է միլիարդատեր Սամվել Կարապետյանն իրեն զրպարտելու համար:

Կալանավորված գործարարը դատի է տվել իշխանականին, դատարանն էլ բավարարել է հայցվորի այս միջնորդությունը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Կարեն Մարգարյանը: Բացատրեց՝ սա արվում է նրա համար, որ դատաքննության ընթացքում պատասխանողը չվաճառի գույքն ու վճռի դեպքում կարողանա վճարել դատարանի որոշմամբ սահմանված գումարը:

«Հայցի ապահովման միջոցով դատարանը հայցագնի՝ 9 միլիոն դրամի չափով, արգելանք է դրել պարոն Թորոսյանի գույքի վրա՝ բացառությամբ աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների: Դրա միակ նպատակը այն է, որ հետագայում եթե դատական ակտ կայացվի հօգուտ հայցվորի, էդ դատական ակտը հնարավոր լինի կիրառել», - նշեց Մարգարյանը:

Սամվել Կարապետյանն իրավապահների ուշադրության թիրախում հայտնվեց, երբ վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավից հետո պաշտպանեց Մայր Աթոռին: Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար ու կալանավորեցին: Այդ ընթացքում իշխանական տարբեր գործիչներ սկսեցին քննադատել Կարապետյանին: Արսեն Թորոսյանն, օրինակ, խորհրդարանի ամբիոնից ասել էր.

«Ես էրկու հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ФСБ-ի շտաբ-կվարտիրայում, որը գտնվում ա Մոսկվայում։ Առաջինի անունը Արշակ ա... Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը՝ Սամվել Կարապետյանին. - «Ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու էս ամեն ինչին»:

Արսեն Թորոսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ շատ ասելիք չունի, իր տեսակետն արտահայտել է Ֆեյսբուքում: Պատգամավորն անհիմն է որակել իր գույքն արգելանքի տակ դնելու դատարանի որոշումն ու ընդգծել՝ չի պատրաստվում այն կատարել, ավելին՝ կբողոքարկի: Անհասկանալի է համարել դատարանի մոտեցումը, նշել. - «Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք, երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում»։

Ի դեպ, այս օրերին կալանավորվում են ընդդիմադիրներ, որոնք Թորոսյանի նման պնդում են, թե քաղաքական հայտարարություն են արել:

Ու չնայած իր դեմ հայցին՝ իշխանական պատգամավորն այսօրվա գրառումը նույն ոճով է շարունակել. - «Չեմ պատրաստվում գույքս վաճառել ու փախնել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից: Իսկ Կալուգայում իր հարստությունը դիզած «բարերար» Սամոյին մի բան կասեմ, էդքան կա՞ս դու կամ քո «պաշտպանության խորհուրդը», մեր քաղաքական հայտարարություններին քաղաքական պատասխան տուր, թեև ակնհայտ է, որ այդքան չկաք ոչ դու, ոչ էլ քո վարձու «պաշտպանները»։

Հայց նաև ՔՊ-ի և Կոնջորյանի դեմ

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեմ: Փաշինյանի քաղաքական թիմից 9 միլիոն դրամ է պահանջում իշխանական Civic.am-ում զրպարտչական ու սուտ տեղեկություններ տարածելու համար: Նույնքան էլ՝ Կոնջորյանից: Վերջինս ևս կոշտ բնորոշումներով էր խոսել խորհրդարանի ամբիոնից.

«Եվ էսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման ա մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես՝ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ: Բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ, էդ մարտագլխիկով ուզում են կրակել պետության վրա: Եվ էրեկ էդ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»:

Փաստաբան Մարգարյանն ասաց՝ ի տարբերություն Թորոսյանի դեմ գործը քննող դատավորի, Կոնջորյանի դատավորը մերժել է արգելանքի տակ առնել նրա գույքը, պնդել՝ Կարապետյանի կողմը բավարար փաստարկներ չի ներկայացրել, որ առանց այդ արգելանքի հետագայում կխոչընդոտվի որոշման կատարումը: Մարգարյանն այսօր Վերաքննիչ է դիմել:

«Սա փաստաբանական թիմի կողմից կազմակերպված գործընթացն ա, որով հիմնական նպատակն էն ա, որ ոչ թե մենք հետապնդում ենք, իրենց ասած՝ քաղաքական իրենց խոսքից զրկելու գործընթացներ կազմակերպել, այլ միակ մեր նպատակը էն ա, որով որ ցանկանում ենք բացառել էդ զրպարտություն կամ վիրավորական խոսքերը իրանց հանրային խոսքում», - ընդգծեց փաստաբանը:

Բանտից հայցեր է ներկայացրել նաև Գալստանյանը

Բանտից նման հայցեր է ներկայացրել նաև ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա էլ դատի է տվել իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ևս չորս իշխանամերձ գործչի՝ իրեն զրպարտելու ու վիրավորելու համար:

«Յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով էս ամեն ինչի մեջ թաթախված ա, թող մի հատ իրան հարց տա՝ արդյո՞ք էն նյութը, որ իրա ձեռքի տակ գալիս հայտնվում ա, և դրա վերաբերյալ հրապարակային ասում ա, որ սրա մեջ կեղծի կա, իրան չի մտահոգո՞ւմ էդ հանգամանքը, որ ինքը որպես գործիք ա աշխատում էս ամեն ինչի մեջ», - ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Շաբաթներ առաջ Գալստանյանի փաստաբանն էր ասել՝ դատի են տալու յուրաքանչյուրին, ով նախաքննական գաղտնիք է հրապարակել, շրջանառել նաև կեղծ տեղեկություններ:

Հովհաննես Խուդոյանի թիմը Վահագն Ալեքսանյանից 6 միլիոն դրամ է պահանջում: Ըստ գործի՝ Ալեքսանյանը, քրեական գործի մանրամասներ տարածելով Ֆեյսբուքի իր էջում, զրպարտել և վիրավորել է սրբազանին:

Տեսանյութերից մեկում Ալեքսանյանը խոսում է Քննչականի ներկայացրած դրվագներից մեկի մասին: Ըստ դրա՝ ընդդիմադիրները պատրաստվում էին մեքենաների անիվների տակ աստղիկներ գցել ու վթարներ ստեղծել: Ալեքսանյանը ցույց է տալիս մի տեսագրություն, որտեղ ընթացքի մեջ ավտոմեքենայի անիվը վնասվում է, մեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց ու շրջվում է:

«Ահա սա պիտի տեղի ունենար Երևանի փողոցներով երթևեկող ցանկացած մեքենայի հետ, որի մեջ կարող էիք լինել դուք, կարող էր լինել ձեր երեխան: Եթե սա ահաբեկչության պլանավորում չի, ապա ի՞նչ է», - տեսանյութում ասում է ՔՊ-ական պատգամավոր:

Վահագն Ալեքսանյանն այսօր Ֆեյսբուքում անդրադարձել է իր դեմ դատական գործին, այս անգամ էլ հրապարակել է «Սրբազան պայքար» շարժման քրեական գործով Քննչականի հրապարակած՝ ոսկեգույն թղթով ինչ-որ կանաչ զանգվածի լուսանկար ու հարց հնչեցրել.

«Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։ Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»:

Նույն ոճով քննադատել է նաև առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը, չսպասելով դատավճռին, նորից եզրակացրել է՝ Քննչական կոմիտեի բացահայտածն ահաբեկչություն էր:

«Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությո՞ւնն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում», - գրել է Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամն ու ստորագրահավաք սկսել, որով պատրաստվում է Գալստանյանի ու նրա թիմի դեմ հայց ներկայացնել դատարան՝ ժողովրդին վիրավորելու համար:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG