44-օրյա պատերազմում անհետ կորած եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, որ կալանավայրում սրվում են, ահազանգում է պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
«Կյանքին վտանգ է սպառնում այն ցուցիչներով, որ ինքը ունի. ցուցված է լինել մշտական սրտաբանի, նեղ մասնագետի հսկողության ներքո, որ որոշակի տատանումներ, նախ ստուգվի այդ դեֆիբրիլյատոր սարքը՝ արդյո՞ք սարքին է, աշխատո՞ւմ է, թե՞ չէ, ու մշտական: Պատկերացնո՞ւմ եք՝ մենակ մի օրվա ընթացքում ինքը գրանցել է իր նորմայից խիստ բարձր զարկերակային ճնշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սողոյանը:
Արսեն Ղուկասյանը մյուս հարազատների հետ տարիներ շարունակ ակտիվ պայքարում է, պահանջում, որ Կառավարությունը քայլեր անի ու գտնի անհետ կորածներին։ Օրերս նորից Պաշտպանության նախարարության մոտ էին, նրանց ու ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել։ Միջադեպից օրեր անց Արսեն Ղուկասյանին մեկ ամսով կալանավորեցին խուլիգանություն կատարելու համար։
«Այդ քաշքշուկը սկսվել է ոչ Արսեն Ղուկասյանի ներկայությամբ, այսինքն, և նաև այնտեղ հարազատները պնդում են, որ հենց պրովոկացվել է Ռազմական ոստիկանության ծառայողների կողմից», - նշեց Տաթևիկ Սողոյանը:
Ըստ փաստաբանի՝ Ղուկասյանը ոչ մեկին չի հարվածել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, երբ նկատել է՝ ծնողներից մեկին հարվածել են, ձեռնափայտը ճոճելով այդ կողմ է գնացել. - «Ըստ էության, եթե խուլիգանությունը փաստերի մակարդակի իջեցնենք, դառնում է, որ իրեն մեղադրում են այդ հայհոյանքներ հնչեցնելու, որ ասել է՝ ով որ որ ծնողի վրա ձեռք կբարձրացնի, իրեն հայհոյել է, և այդ ձեռնափայտը ճոճելու համար»:
Երկրորդ կարգի հաշմանդամ Ղուկասյանի առողջական վիճակի մասին մանրամասն դատարանում էլ է ներկայացրել, բայց դատավորի որոշման վրա դա չի ազդել։ Ղուկասյանի հիմնական խնդիրները սիրտ-անոթային են, կալանքի հետ անհամատեղելի են նույնիսկ Կառավարության հաստատած ցանկով, շեշտում է փաստաբանը. - «Դատարանն էլ է դա իմացել և իր որոշման մեջ պարզապես նշել են, որ «մենք նեղ մասնագետ չենք, չենք կարող անել, քանի որ նեղ մասնագետ չենք, թող կալանքը կիրառենք, տեսնենք ինչ կլինի»։ Բայց այս պարագայում, երբ որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազը ունեցել է, այդ հիմքը ունեցել է, այդ կասկածը չէր կարող մեկնաբանել ի վնաս Արսեն Ղուկասյանի, այլ պետք է մեկնաբանել ի օգուտ, և եթե իրենք խնդիր ունեին նեղ մասնագետի որոշման տեսնելու՝ արդյոք այս էպիկրիզով հիվանդությունը համապատասխանում է Կառավարության [հաստատած ցանկին], դա իրենց խնդիրն է, թող այդ մասնագետին հրավիրեին, պարզեին, ոչ թե կալանքը տային, ասեին՝ դե ինչ կլինի, կլինի»։
Պատերազմից առաջ ու հետո երկու ինֆարկտ է ստացել, քրոնիկ բարձր ճնշում ունի, սիրտը ստենտավորել են: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ են արձանագրել՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հետ, ասում է Տաթևիկ Սողոյանը։ Բժշկական ցուցումներով՝ Ղուկասյանը պետք է լինի սրտաբանի մշտական հսկողության ներքո։
«Իր խրոնիկ զարկերակային բարձր ճնշումը ու այս սրտի ոչ բավարար աշխատանքը այնպիսի կատաստրոֆիկ ցուցանիշներ է գրանցել, որ ստիպված են եղել տեղադրել մարտ ամսին դեֆիբրիլյատոր սարք էլեկտրոդային, որպեսզի սրտի աշխատանքը խթանի։ Ընդ որում, նույնիսկ այդ սարքի տեղադրման պայմաններում, ես հիմա մասնագիտական նեղ բաներ չեմ կարող ասել, բայց դեռևս սրտի ցուցանիշները բավարար աշխատանքի խիստ ռիսկային, վտանգավոր են», - ընդգծեց փաստաբանը:
«Քաշքշուկ է եղել, իմ որդին ոչ մեկին մարմնական ոչ մի վնասվածք չի հասցրել, ասենք զայրացած իր ձեռնափայտն է ընդամենը, որ վիդեոներում երևում է ձեռքը, այն էլ ծնողները ասել են, վերցրել են ձեռքից, ասել են՝ ջղայնացած տղա է». - Արսեն Ղուկասյանի մայրը պնդում է՝ որդուն անօրինական են կալանավորել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, բարկացած է եղել, առողջություն չունի, 44-օրյա պատերազմում եղբորն է կորցրել, եղբոր որդին է անհետ կորել, որին գտնելու համար տարիներ շարունակ փողոցներում
պայքարում է։
«Եվ այդ հիվանդություններն էլ ամբողջ այս պատերազմի հետևանքով է ինքը ստացել՝ իր բոլոր այդ բաները, աբշիրնի ինֆակտ է երկու անգամ տարել, ստենտավորել են, հիմա էլ կարդիոստիմուլյատոր են դրել, այդքան բացի սիրտը տարբեր ուրիշ հիվանդություններ էլ ունի, այդ մարդը այդ վիճակում ի վիճակի է՞ գնա կալանավայրում նստի, որ դուք ուղարկում եք այնտեղ անտերուդուս, ես ինչ գիտեմ, ինչ լինի իմ երեխու հետ», - «Ազատության» հետ զրույցում նշեց տիկին Մարիամը:
Մեկ օր բանտում ավել մնալն արդեն վտանգավոր է նրա կյանքի համար։ Տիկին Մարիամը զգուշացնում է՝ Գլխավոր դատախազության մոտ նստացույց կսկսի, եթե որդուն անհապաղ չազատեն։
Մարիամ Վարդանյանը դիմել է նաև Դատախազություն։ Փաստաբանն էլ է միջնորդել, որ անհապաղ ազատեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։
Արդյո՞ք քննարկել են միջնորդությունն ու մոր դիմումը, պատրաստվո՞ւմ են առողջական լուրջ խնդիրներով Ղուկասյանին կալանքից ազատել։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ Արսեն Ղուկասյանի մոր դիմումն ուսումնասիրում են ու որոշման մասին ավելի ուշ կհայտնեն։