Լարիսա Գևորգյանը գոհ է, որ առողջության ապահովագրության շրջանակներում անվճար է վիրահատվել, բայց լիարժեք վերականգնվելու համար 150 հազար դրամանոց դեղն ինքը պետք է գնի:
«Երկու աչքս էլ վիրահատել են, որևիցե կոպեկ ես չեմ տվել, բայց հետո փաստի առաջ եմ կանգնել, որ դեղորայքը պետք ա դեռ երեք ամիս սրսկվեմ: Եթե ուզում էին օգնեն տարեց մարդկանց, ուրեմն՝ ամենակարևոր ուշադրությունը պետք ա դնեն դեղորայքի վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:
Տարակուսած է՝ ինչպե՞ս վճարի. - «Թոշակառու մարդ եմ, ինձ որտեղի՞ց 150-ը, եթե չլինեն իմ էրեխեքը, բարեկամները, հարազատները, ես պետք ա կուրանամ նստե՞մ, հա՞: Խնդրում եմ ղեկավարությանը՝ ուշադրությունը դարձնի դեղորայքի վրա»:
Հունվարից մեկնարկած առողջության ապահովագրությունն անհրաժեշտ դեղերի մի մասը տրամադրում է անվճար, մյուս մասը՝ համավճարով։ Այս ցանկը 2027 թվականից հետո գուցե ընդլայնվի:
Մինչ այդ, սակայն, շատերը խնդիր ունեն համակարգից օգտվելու հետ։ Հիմնականում տարեցները սմարթֆոններից ու տեխնիկական միջոցներից վարժ չեն կարողանում օգտվել: Նախարարությունից վստահեցնում են՝ պոլիկլինիկա այցելելու դեպքում նրանց տեղում ամեն ինչ կբացատրեն:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մոտ հանդիպած տարեց տղամարդը, որ օրեր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջն է խնամում, ասաց՝ հիվանդանոցից տեղեկացրել են՝ ոչ մի կոպեկ չեն վճարելու: Հիվանդանոցից դուրս եկողներից շատերն էին այս լուրն արդեն լսել.
«Ոչ մի կոպեկ չենք վճարել մենք, պետությունն ա տալիս, հա: Նույնը ես՝ երկրորդ կարգի հաշմանդամ»:
«Ասեցին, որ «պետպատվերի տակ եք, ընդունում ենք, կիրակի օրը կգաք, կնկարեն էդ մեջքի բանը, հետո արդեն բժիշկները կասեն ըստ դրա»:
«Քեռուս կինը պետք ա վիրահատվի, եկել եմ մոտը: Հա, հենց հիմա ինքը էդ ապահովագրական ծրագրով ա պառկած, ապահովագրության շրջանակում ամեն ինչ արվում ա, դրանից ավել էլ ի՞նչ լինի: Անվճար ա»:
Ի տարբերություն նախորդ բուժառուների՝ տարեց այս ամուսիններն այդպես էլ չեն հասկացել, թե ինչու պետք է 3 տարեկան թոռնիկի անալիզներից մեկի համար վճարեն.
«Չէինք ասի էնքան որ անվճար, հենց հիմա ես գնում եմ 3 հազար 500 դրամ մուծեմ, որ երեխային ընդամենը մեզի անալիզ տան, դա վճարովի ա: Այսինքն՝ չեն հասկանում էս երկրից», - ասաց տղամարդը:
«Ասում ա էդ անալիզը վճարովի է: Էլի են վերցրել անալիզներ՝ անվճար, հիմա ասում են՝ էս անալիզը վճարովի ա», - հավելեց կինը:
79-ամյա Գայանե Գրիգորյանը գոհ է տեղամասային բժշկից, հենց նրանից էլ տեղեկացել է, որ ապահովագրության շրջանակներում ավելի շատ ծառայություններից կարող է օգտվել: Այսօր դրանց հետևից առաջին անգամ պոլիկլինիկա էր եկել, բայց մի քանի ժամ սպասելուց հետո հերթն այդպես էլ իրեն չէր հասել. - «Էնքան շատ էին, սրտաբանի մոտ պիտի գնամ, չկարողացավ ինձ ընդունել, ստիպված վաղը պիտի գամ նորից»:
Այս օրերին «Ազատության» հետ զրույցներում շատերն են նշում, որ դեռ տեղեկացված չեն՝ ինչպես կարող են օգտվել իրենց փաթեթներից։ Մյուսները դժգոհում են, որ հիվանդանոցներում երկար են սպասում, քանի որ պոլիկլինիկաների ուղեգրերը հաճախ ուշ են հասնում հիվանդանոց, իսկ «Արմեդ»-ից պատասխան ստանալու համար երբեմն ժամերով սպասում են, մինչև իրենց զանգերին պատասխանող գտնվի։
Շատ են դժգոհությունները նաև անհատ ձեռնարկատերերի կողմից․ ինչո՞ւ, ի տարբերություն վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերը պետք է մինչև ապրիլի 20-ը ապահովագրության համար անհրաժեշտ 120 հազար դրամը միանվագ վճարեն, ոչ թե ամիս առ ամիս:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ անհատ ձեռնարկատերերը մյուս հարկերն էլ են նույն կերպ վճարում, սակայն հավելել է, որ հաջորդ տարվա համար այս հարցը կքննարկվի։
«Մենք 2027 թվականի համար, երբ որ արդեն բոլորը կմտնեն այս կատեգորիայի անձանցից առանց արդեն 2 միլիոն 400 հազար շեմը հաշվի առնելով, նաև տեխնիկական որոշակի տարբերակված մոտեցումներ կիրառելով, քննարկում ենք նրանց համար ևս ապահովագրավճարը դարձնելու որոշակի ժամանակային կտրվածքով բաժանելով», - հայտարարել է Ավանեսյանը:
Ապահովագրության առաջին փուլում՝ այս տարի, համակարգից կօգտվի 1 միլիոն 600 հազար մարդ։ Պետությունը կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարին լրացած քաղաքացիների, 18-65 տարեկան՝ հաշմանդամության առաջինից երրորդ խմբերում ընդգրկված անձանց և անապահովության 28 և ավելի միավոր ունեցող քաղաքացիների համար։ 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողները նույնպես կարող են օգտվել, բայց ծառայությունների համար իրենք պետք է վճարեն: