Մատչելիության հղումներ

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ ոստիկանները բռնությունների են ենթարկել, սարկավագի խոսքով՝ նաև ծաղրել են


Բախումները ԱԳՆ շենքի դիմաց, Երևան, 31-ը մայիսի, 2024.
Բախումները ԱԳՆ շենքի դիմաց, Երևան, 31-ը մայիսի, 2024.

ԱԳՆ-ի մոտից ձերբակալված 27 քաղաքացի ազատ է արձակվել

Անցած ուրբաթ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով Արտաքին գործերի նախարարության մոտից ձերբակալված 28 քաղաքացիներից 27-ն ազատ արձակվեց, նրանց մեղադրանք չառաջադրվեց։ Ձերբակալված է միայն մեկը, բայց Քննչականը չի մանրամասնում, թե ինչի մեջ են նրան կասկածում։

«Ինչը նշանակում է, որ ամբողջությամբ հերքվում են իշխանության կողմից կամ իշխանության քարոզիչների կողմից տարածվող այն թեզերը, թե իբր քաղաքացիները, որոնք մասնակցում էին զանգվածային, իրենք անունը դրել են անկարգություններ, բայց դրանք խաղաղ անհնազանդություններ էին, թե իբր քաղաքացիները շշեր, քարեր, մետաղական և նույնիսկ պայթուցիկեր սարքեր կամ պայթուցիկ որոշակի առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ», - ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն անցած ուրբաթ ԱԳՆ շենքի առջև նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում էին պահանջում, իրավիճակը մերթընդմերթ լարվում էր, ի վերջո, կեսօրից հետո բախում եղավ ոստիկանների ու ցուցարարների միջև։

Արսեն Բաբայանը, տեսագրությունները մատնացույց անելով, հենց սկզբից պնդում էր, որ ձերբակալվածները ոստիկանի ուղղությամբ որևէ իր չեն նետել։ Ըստ նրա՝ դա արել են սադրիչները։ Իրավապահները դեպքից հետո մինչդեռ հայտնեցին, թե ցուցարարները խախտել են օրենքն ու Արտգործնախարարության շենք մտնելու նպատակով ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել՝ քարեր, շշեր և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ։ Տուժել էր 7 ոստիկան։ Եթե ձերբակալվածները չէին քարեր նետողները, ապա՝ ովքե՞ր, այս հարցի պատասխանը Քննչականը դեռ չի տալիս։

«Հենց ձերբակալման ժամանակ անձամբ ինքս ոստիկանության Կենտրոնի բաժնում տեել եմ երկու անձի, որոնք ակնհայտ իրենց պահվածքով սադրիչ էին, և նրանք, իհարկե, նրանք էդ պահին ձերբակալվել էին, բայց նույնիսկ փաստաբանների, մեր թիմից, մեր խմբից որևէ մեկին չցանկացան տեսնել, ավելին՝ նույնիսկ մեզ վրա սկսեցին հորդուբորդ անել, այսպես ասած, իսկ ոստիկանության ծառայողները նրանց մեկուսացրեցին առանձին, պահեցին», - պատմեց Արսեն Բաբայանը՝ եզրակացնելով. - «Այսինքն՝ ես հիմնավոր կասկածներ ունեմ կամ վստահորեն կարող եմ էդպիսի պնդում անել, որ էնտեղ եղել են սադրիչներ, որոնց ճանաչում է ոստիկանությունը»:

Իրավապահները չեն մանրամասնում, թե ԱԳՆ շենքի առջև քանի ցուցարար է տուժել ոստիկանների գործողություններից, և արդյոք կա քրեական գործ ոստիկանության այդ օրվա գործողությունների մասով։

«5-6 սևբերետավոր ինձ միանգամից բռնեցին վզից, գցեցին գետնին ու սկսեցին ոտքով հարվածել». ակցիայի մասնակից

19-ամյա ուսանող Արման Սարգսյանի ճակատին դեռ մնացել է սևբերետավորի կոշիկի հետքը. - «Դեմքի այս հատվածին ոտքի կոշիկն է դաջվել՝ այսպես ասած։ Ձախ հետին գագաթնային շրջանի պատռվածք- վերք, ճակատային շրջանի սալջարդ», - ասում է նա։

Երիտասարդը ևս նախարարության շենքի մոտ ակցիային էր մասնակցում, երբ հայտնվեց ոստիկանական վահաններից այն կողմ. - «5-6 ոստիկան՝ սևբերետավոր ինձ միանգամից բռնեցին վզից, գցեցին գետնին և սկսեցին ոտքով հարվածել ամբողջ մարմնին, հետո արդեն ձեռքերով խփել։ Չեմ կարող ասել՝ ինչքան երկար տևեց, ամեն դեպքում մի պահ կանգ առան, ես փորձեցի հետ շարժվել, ոստիկաններից մեկը ոտքս բռնեց և առաջ քաշելով շարունակեցին արդեն մի քանի հոգով հարվածները թե գլխի, թե ամբողջ մարմնի հատվածում»։

Երիտասարդը պատմեց, որ իրենից բացի, էլի մարդիկ են բռնության ենթարկվել. - «Ավտոբուսի մոտ երևի 5-6 հոգի էլ կային, բոլորիս դեմքերն այրան մեջ էին»։

«Միանգամից սև բերետները քաշեցին դեպի իրենց մոտ ու սկսեցին հարվածել». սարկավագ

«Միանգամից սևբերետները քաշեցին դեպի իրենց մոտ ու սկսեցին հարվածել որտեղ որ պատահում էր: Իրենք հարվածում էին որտեղ որ պատահում էր, այսինքն՝ այնպես չէ, որ ես ուժ էի կիրառում, իրենք ուզում էին էդ ուժ կիրառածը կանխել, չէ, այդպես չէ», - ասում է ընդդիմադիր շարժմանը սատարող Դանիել սարկավագ Գևորգյանը։

Նրան ավելի շատ ցավ են պատճառել ոչ թե սևբերետավորների հարվածները, որոնց հետևանքով հիվանդանոցում էր հայտնվել, այլ՝ նրանց արտահայտությունները։ Պատմում է, որ ոստիկանապետի հորդորով էր փորձել խաղաղության կոչ անել, բայց իր փորձը, պնդում է, ձախողել էին նույն ոստիկանության ծառայողները, որոնք նաև ծաղրել էին հոգևորականին:

«Առանց իմանալու՝ հայր սուրբ է, քահանա է, կամ ինչ որ է, հոգևորական է ի վերջո, էդ արտահայտությունը, որ «հայր սուրբ ա, հայր սուրբ ա, խփեք», ուզում եմ հասկանալ՝ ինքը ի՞նչ մտայնությամբ կամ ի՞նչ մտածելակերպով էդ արտահայտությունը ձևակերպեց ու սկսեց ասել: Չէի կարող պատկերացնել, որ նույնիսկ այդպիսի բան կարող են արտահայտել», - նշեց Դանիել սարկավագը:

Փաստաբանները փոխանցում են, որ Դանիել սարկավագի և Արման Սարգսյանի նկատմամբ բռնության դրվագով հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, հիվանդանոցում վնասվածքներով հայտնվելը բավարար է առանց դիմումի գործ հարուցելու համար։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ ընդդիմության մեկամսյա ակցիաների մասնակիցներին առերևույթ բռնության ենթարկելու դրվագներով 24 ծառայողական քննություն ու ուսումնասիրություն է նշանակված։ Ընդամենը մի ոստիկանի լիազորություն է դադարեցված. կարմիրբերետավորն անցած շաբաթ այն ոստիկանների շարքում էր, որ ծեծել էին դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Նա, սակայն, դեռևս մեղադրյալի կարգավիճակ չունի։ Դեպքից մեկ շաբաթ անց Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ պատգամավորի ծեծի դրվագով գործ են հարուցել պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։

XS
SM
MD
LG